Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՈ հրամանատարը քաշքշել, վիրավորել, «այ տղայով» է դիմել գյումրեցի փաստաբանին

Փետրվար 01,2020 21:24

Գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում ահազանգ էր հնչեցրել, որ այսօր ժամը 16:40-ից 16:50-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության Գյումրու ստորաբաժանման երկրորդ դասակի հրամանատար Լ.Ղանդիլյանը, առերևույթ անցնելով պաշտոնական լիազորությունները,  հարձակվել  է իր վրա, վիրավորել, սկսել է հրմշտել, ապա քաշքշել ու դուրս է հանել իր աշխատասենյակից ու ոստիկանության շենքից։ Իսկ ինքը տուգանային հրապարակ էր գնացել իր վստահորդի հետ՝ աշխատանքի բերումով։

«Դա տեղի է ունեցել դասակի՝ մոտավորապես 10 ոստիկանների ներկայությամբ: Ինձ՝ որպես փաստաբանի, որեւէ բացատրություն չի տվել այդ՝ առերևույթ հանցագործության տարրեր պարունակող վարքի համար:

Կարելի է պատկերացնել, թե սույն ոստիկանը ինչպես կվարվի կամ ինչպես է վարվում ոչ փաստաբանների հետ:

Սա մասնագիտական էթիկայի խախտում չէ, սա արարք է, որն իր մեջ առերևույթ հանցագործության տարրեր է պարունակում և իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ, հասնելու եմ իմ անձնական և մասնագիտական արժանապատվությանը հասցված վնասի հատուցմանը, ինչպես նաև մեղավոր պաշտոնյայի քրեական պատասխանատվությանը:

Իրավապահներին խնդրում եմ հայտարարությունը ընդունել ի գիտություն:

Հայտարարության ստորագրված տարբերակը կուղարկվի դատախազություն երկուշաբթի առավոտյան:

Փաստաբանական պալատին խնդրում եմ պատշաճ կերպով արձագանքել տեղի ունեցածին»-ֆեյսբուքյան էջում գրել է  Հայկ Հարությունյանը։

Հայկ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ տուգանային հրապարակ են տարել իր վստահորդի մեքենան, ինքն էլ՝ որպես փաստաբան, գնացել է իր մասնագիտական պարտականությունները կատարելու, հետաքրքրվելու, թե պատճառը որն է, ի՞նչ հիմքով է տարվել։

«Ղանդիլյանը, տեսնելով վստահորդիս իմ հետ, սկսեց բղավել, թե էս փաստաբանի հետ ես գալիս հա՞։ Հետո սկսեց իմ հետ  խոսել այ տղայով, քաշքշել, հրել, դուրս անել, թե ոտքդ ստեղ էլ չտեսնեմ։ Դա ժամը 14․50 կողմերն էր, մի պահ շոկի մեջ ընկա, հետո նորից գնացի խոսելու հետը, առաջարկեցի մարդկայնորեն վերջ տալ այս պատմությանը, ներողություն խնդրի, անցնի, գնա, բայց ինքը պնդեց, որ ճիշտ է արել, լավ է արել, երևի իրեն ինչ-որ մեկը դուխ է տվել»,-ասաց  Հայկ Հարությունյանը։ Վերջինս այս թեմայով պատրաստվում է մամուլի ասուլիս տալ։

Ի դեպ, կան տեղեկություններ, որ Ղանդիլյանը ՀՀ ոստիկանապետի ժ/պ-ի համակուրսեցին է։

Մեզ առայժմ չհաջողվեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից պարզաբանում ստանալ այս թեմայի շուրջ, սակայն պարտադիր կլսենք նաև երկրորդ կողմի պարզաբանումները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հայկ Հարությունյանի լուսանկարը՝ իր ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829