Փետրվարի 1-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, տարածքային վարչությունների և ծառայությունների ղեկավար կազմերին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Մհրյանին։
Գնդապետ Հայկ Մհրյանը ավարտել է ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը, երկար տարիներ ծառայել ոստիկանության համակարգում և այլ իրավապահ կառույցներում։
Արման Սարգսյանը հույս հայտնեց, որ Հայկ Մհրյանի ղեկավարությամբ էական բարեփոխումներ կիրականացվեն հասարակական անվտանգության ապահովման ոլորտում։ Հենց այս ուղղությունն է համակարգելու ոստիկանության պետի նորանշանակ տեղակալը։
Հայկ Մհրյանն իր խոսքում նշեց, որ արդեն իսկ վերլուծել է համակարգվող ոլորտներն ու պատկերացում է կազմել խնդիրների և բացթողումների վերաբերյալ։ Նա վստահեցրեց, որ կարվի հնարավոր ամեն ինչ՝ էլ ավելի ուժեղ ու պատրաստված ոստիկանություն ունենալու համար։
Շարունակելով խորհրդակցությունը՝ Արման Սարգսյանը խոսեց հունվարին տեղի ունեցած հանցագործությունների շարժընթացի և բացահայտման աշխատանքների մասին։ Որոշ ուղղություններով հայտնելով իր մտահոգությունները՝ ոստիկանության պետի պաշտոնակատարը հանձնարարեց ակտիվացնել ինչպես բացահայտման, այնպես էլ նախականխման ու կանխման միջոցառումները։ Հատուկ շեշտվեց բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման անհրաժեշտությունը։
Խոսվելով ճանապարհային ոստիկանության ծառայության և տնտեսական վարչության աշխատանքի մասին՝ Արման Սարգսյանը որոշ հարցերի շուրջ հայտնեց խիստ մտահոգություն և դրանց շուտափույթ լուծման համար տվեց հանձնարարականներ։
Խորհրդակցությանը քննարկվեցին ոստիկանության օպերատիվ և ծառայողական գործունեությանը վերաբերող այլ հարցեր ևս։
Կարդացեք նաև
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ