Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանդիպումներով հակամարտության վերջնական կարգավորման հնարավոր չէ հասնել, սակայն դրանք կասեցնում են էսկալացիան. Ադրբեջանագետ

Փետրվար 01,2020 17:46

«Մենք չենք կարող հիմա որեւէ քաղաքական փաստաթուղթ ստորագրել և լուծել այս հակամարտությունը, որովհետեւ դա կանգնած հակամարտություն չէ ինչ-որ տարածքների շուրջ, դա հակամարտություն է մարդկանց եւ մարդկանց անվտանգության շուրջ: Չի կարելի սպասել, թե  արտգործնախարարները գնալու են Ժնեւում կամ որեւէ այլ տեղում ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն, որը հարցը կկարգավորի, եւ մենք վաղն այլեւս այդ խնդիրը չենք ունենա»,-այսօր մեկնաբանելով Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը ասաց «Օրբելի»  կենտրոնի  ադրբեջանական  հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Զարկերակ» ակումբում հրավիրած ասուլիսում Հովհաննիսյանն ասաց, որ այս հանդիպումն  առանձնացավ իր երկար տեւողությամբ: Ըստ նրա, այդ հանդիպումներով հակամարտության վերջնական կարգավորման հնարավոր չէ հասնել, սակայն դրանք կասեցնում են էսկալացիան. «Քննարկումները չեն եղել հարցի բուն կարգավորման շուրջ, քննարկումները կամ բանակցությունները եղել են միջավայրի ստեղծման շուրջ: Այս պահին բանակցությունները բուն խնդիրը չեն կարող լուծել, քանի որ դա միայն մեզնից կախված չէ»: Մեկնաբանելով կողմերի հայտարարությունը ադրբեջանագետն ասաց. «Այն ուներ մեկ շատ հետաքրքիր կետ, որ պետք է ապահովվի գործընթացի կոնֆիդենցիալությունը:

Դա համանախագահների կոչն է, որին, ըստ էության, համաձայնել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Իմ կարծիքով, այդ կոնֆիդենցիալությունը վերաբերում է դեռեւս չհամաձայնեցված կետերին, որոնք քննարկվում են բանակցությունների գործընթացում»:
Նա հիշեցրեց, թե ինչպես 2019-ի դեկտեմբերի 5-ի Բրատիսլավայի հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը տվեց գրեթե 1-ժամանոց հարցազրույց, բացի այդ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տեղեկատվության տարածվեց 2020 թվականի սկզբին պլանավորված հանդիպման վերաբերյալ: Նրա խոսքով. «Մամեդյարովի հայտարարությունում միանշանակ կային կետեր, որոնք ամենայն հավանականությամբ քննարկել են բանակցության ընթացքում, սակայն դրանք դեռեւս աշխատանքային կետեր են, այսինքն՝ դրանց շուրջ ձեռք բերված որեւէ պայմանավորվածություն չկա:

Եվ երբ այդ ամենը ներկայացնում են քո սեփական մեկնաբանությամբ՝ նպատակ ունենալով ինչ-որ կերպով ազդել քո հասարակության եւ հակառակորդ կողմի հասարակության վրա, դու, ըստ էության, վնասում ես բանակցային գործընթացին: Այսինքն՝ այդ կետի շուրջ համաձայնություն չի էլ կարող լինել»:

Պարոն Հովհաննիսյանի համոզմամբ, Ադրբեջանի նախագահը վարում է հայատյաց քաղաքականություն, ռասիստական հայտարարություններ է անում, սպառնում պատերազմով, խաղաղ բնակիչների դեմ  իրականացնում է թշնամական ագրեսիվ գործողություններ, որոնց էլ ստիպված պատասխանում են հայկական զինված ուժերը: Նրա կարծիքով այս ամենը խորացնում է հակամարտությունը. «Այսօր անվտանգությանը սպառնացող մթնոլորտը եւ գործոնները ոչ թե 1994 թվականի մակարդակի վրա են, այլ ամեն օր խորանում են»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829