Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է կայացնել այնպիսի պետական կառույցներ, որոնք ունակ են անկախ քաղաքական ուժերի վերադասավորումներից՝ արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ․ Բադասյան

Փետրվար 01,2020 17:16

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով հանրային քննարկման: Միջոցառումը կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» նախագծերի փաթեթ է ներկայացրել հանրային քննարկման:

Նախարարի խոսքով՝ քաղաքական կամքի առկայությունը կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ նախադրյալ է, սակայն Կառավարությունը բազմիցս շեշտել է, որ միայն դա բավարար չէ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար: «Անհրաժեշտ է կայացնել այնպիսի պետական կառույցներ, որոնք ունակ են  անկախ քաղաքական ուժերի վերադասավորումներից՝ արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ, ունենան մասնագիտացված աշխատակիցներ և այնպիսի ընտրության ու նշանակման ընթացակարգեր, որոնք ապահովում են  չքաղաքականացված մասնագիտական գիտելիքներին  պատշաճ տիրապետող անձանց  առկայությունը»,- նշել է Ռուստամ Բադասյանը:

Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի առանձնահատկություններին՝ արդարադատության նախարարը նշել է, որ այս կառույցում մեկտեղված են լինելու քննչական և օպերատիվ հետախուզական գործառույթները: «Երկրորդ բաղադրիչը կադրերի՝ մրցութային կարգով ընտրելու ընթացակարգն է, ինչը նշանակում է, որ մրցութային հանձնաժողովներ են ձևավորվելու թե՛ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի ընտրության համար, և թե՛ փորձառու քննիչների տեղափոխման ու նոր կադրերի ընտրության փուլում»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը:

Հանրային քննարկման ժամանակ նախարարն անդրադարձել է նաև նախատեսվող սոցիալական երաշխիքներին, Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում ստեղծվելիք ներքին անվտանգությունը ստուգող ստորաբաժանման գործառույթներին: Վերջինի առումով Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ հակակոռուպցիոն մարմնի աշխատակիցների  բարեվարքությունը մշտապես ստուգելու առումով կարող է ներդրվել նոր գործիք, ըստ որի՝ նրանց հնարավոր է կոռուպցիոն բնույթի առաջարկ արվի, և եթե կոռուպցիոն ռիսկեր ի հայտ գան, կքննարկվի տվյալ աշխատակցին կարգապահական պատասխանատվության, Հակակոռուպցիոն կոմիտեից ազատելու հարցը:

Այնուհետև, հարցուպատասխանի ձևաչափով նախարարն արձագանքել է հանրային քննարկման մասնակիցների հարցերին:

ՀՀ ԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829