Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Այսօր այս մասին հայտնեց Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած նիստից հետո: Նման որոշում կայացրեց դատավոր Անդրանիկ Մնացականյանը:
Հարցին՝ արդյոք դատարանը առողջական վիճակը հաշվի առնելով կայացրեց նման որոշում, Ռազմիկ Աբրահամյանը չպատասխանեց եւ հեռացավ դատարանից:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին կալանքից ազատ էր արձակել առաջին ատյանի դատարանը։ Դրանից հետո Դատախազությունը դատարանի այդ որոշումը բողոքարկել էր:
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը: Նաեւ՝ 200 հոդվածի 3-րդ կետով՝ առեւտրային կաշառք:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ