Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարը չի թաքցնում՝ վարչապետի աշխատակազմի ու ՍԴ-ի միջեւ լարվածություն կա

Փետրվար 01,2020 15:11

Այսօր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ ՀՀ  իշխանությունները մինչ այս պահը գործել են ամբողջությամբ իրավաչափ դաշտում՝  իրավաչափ ուղիներ փնտրելով Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու համար:  Նախարարը մասնակցում էր Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման առիթով կազմակերպված հանրային քննարկմանը:

Ռուստամ Բադասյանն ասաց. «Երեք կարեւոր դիտարկում, որը Հայաստանի հարցով համազեկուցողները առանձնացրել են եւ ես կարեւորում եմ: Առաջինը, հիշում եք, որ մեզ երկար ժամանակ փորձում են համոզել, որ 15 թ.-ի փոփոխություններով Սահմանադրությունը ամեն ինչ շատ հստակ կարգավորել է ու դրա համար հիմիկվա փորձերը տեղին չեն եւ համազեկուցողների արձագանքը ավելի քան համոզիչ ու հստակ է, որ էն նպատակը, որը մենք հետապնդում ենք, այսինքն 15 թվականի փոփոխություններով նախանշված Սահմանադրական դատարանի մոդել ունենալը ամբողջությամբ լեգիտիմ է: Երկրորդ հանգամանքը, որ ես կառանձնացնեի, այն, որ Հայաստանում սկսված բարեփոխումները չպետք է վտանգվեն այս ճգնաժամի արդյունքում, այսինքն՝ շեշտվում է բարեփոխումների կարեւորությունը հայաստանյան օրակարգում եւ ընդհանուր տպավորությունը արձագանքից նա է, որ Հայաստանի իշխանությունների մոտեցումներն ամբողջովին հասկանալի են շեշտվում է, որ Կառավարությունն ու խորհրդարանը մինչ այս պահը գործել են ամբողջությամբ իրավաչափ դաշտում, իրավաչափ ուղիներ փնտրելով ՍԴ ճգնաժամը լուծելու համար եւ եւս մեկ անգամ կարեւորեմ, որ ՍԴ ճգնաժամը մեր բարեփոխումների ընթացքին չպիտի խոչընդոտ հանդիսանա եւ կարծում եմ, որ այդ ճգնաժամը պետք է լուծվի»:

Բադասյանը հաստատեց համազեկուցողների այն դիտարկումները, որ լարվածություն կա վարչապետի աշխատակազմի ու ՍԴ-ի միջեւ: Ռուստամ Բասադյանն ասաց, որ իրենք համազեկուցողների հայտարարությունն ընդունել են ի գիտություն եւ փորձելու են անել այնպիսի քայլեր, որոնք չեն տանի լարվածության. «Իմ կարծիքով՝  լարվածությունն առաջանում է նրանից, որ քաղաքական գործչին բնորոշ արտահայտություններ ու ձեւակերպումներ են հաճախ կատարվում ՍԴ-ի կողմից՝ խրամատի զինվոր, էդ ի՞նչ խրամատ ա, էդ խրամատի զինվորը ումի՞ց ու ի՞նչ արժեք ա պաշտպանում, ումից է պաշտպանում, ոնց է պաշտպանում, այսինքն՝ նման արտահայտությունները, որոնք քաղաքական գործչին են ավելի բնորոշ, կարծում եմ էս լարվածության ստեղծման պատճառն են: Եվ երկրորդ կոմպոնենտը, որը խիստ լարվածություն է ստեղծում, դա աննախադեպ ճնշումն է ՍԴ դատավորների նկատմամբ, որոնք կարող են դիմել վաղ կենսաթոշակի: Նկատի ունեմ, որ բոլոր միջոցներով ու մեթոդներով իրենց փորձում են զերծ պահել  այդ քայլից: Դա ակնհայտ է, կարող եք նայել սոցցանցերում ինչ գրառումներ են կատարում, որ լրատվականներն են դրանք տարածում»:

Այն հարցին, թե իշխանության կողմից չկա՞ ճնշում դատավորների նկատմամբ, նախարարը պատասխանեց՝ չկա:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829