Վանաձորում կայացել է գյուղոլորտի ծրագրերի իրազեկմանը նվիրված հանդիպում Լոռու մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Հայկ Ղևոնդյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, ոլորտի այլ պատասխանատուներ։
Միջոցառման ընթացքում Իռա Փանոսյանը հանգամանորեն ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը։ Նա հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ ներկայում պետական աջակցությունը գյուղացիական տնտեսություններին իրականացվում է ոչ միայն վարկերի սուբսիդավորման, այլ նաև փոխհատուցման եղանակով։
Իռա Փանոսյանի խոսքով` մշակված նոր ծրագրերը բխում են ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030թթ. ռազմավարությունից: Նա հիշեցրել է, որ որոշ ծրագրերում սահմանված են մի շարք արտոնյալ պայմաններ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար:
Լոռու մարզի համայնքապետերն ու ֆերմերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հատկապես անասնապահության ոլորտում գործող ծրագրերի հանդեպ։ Ֆերմերներին հուզող հարցերին ոլորտի պատասխանատուները տվել են սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ։
Կարդացեք նաև
Հայկ Ղևոնդյանը հորդորել է ակտիվ մասնակցել ծրագրերին և լրացուցիչ հարցերի դեպքում դիմել գյուղատնտեսական խորհրդատվության վարչության Լոռու մարզային բաժնի աշխատակիցներին։
Իրազեկման արշավներն առաջիկայում կկազմակերպվեն նաև հանրապետության մյուս մարզերում։
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ