Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան․ «Ադրբեջանական համայնք» հասկացություն չունենք, ոչ էլ ինքնավար կազմավորում ունենք Արցախի կազմում. «Հրապարակ»

Փետրվար 01,2020 11:59

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը կոշտ ձեւակերպումներով հանդես եկավ՝ ադրբեջանական համայնքը որակելով «ֆեյք համայնք»։ «Հարցն այն է, որ կարող է այդ տեսակի հարց քննարկվել, քանի որ Ադրբեջանն ամեն տեսակի հարց էլ բարձրացնում է։ Հիմա եթե բարձրացնում է, ուզած-չուզած՝ պիտի ինչ-որ անդրադարձ կատարվի, բայց դա չի նշանակում, որ դա ընդունելի է։ «Ադրբեջանական համայնքներ» հասկացություն չկա։ Եվ մեզ համար հստակ է, որ պիտի ամեն ինչ անենք, որ Ադրբեջանի այդ մանիպուլյացիաները՝ Արցախի Հանրապետությունը հավասարեցնել ինչ-որ ադրբեջանական կոչված համայնքի, որը ո՛չ քաղաքական, ո՛չ պետական, ո՛չ նույնիսկ հասարակական կազմակերպություն է, ֆեյքային չգիտեմ ինչ է, եւ այդպիսի բան չի կարող տեղի ունենալ երբեւիցե, որովհետեւ Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես պետություն տասնամյակներ, եւ նրա կարգավիճակը՝ որպես հակամարտող կողմ, ֆիքսված է Մինսկի խմբի ու ԵԱՀԿ փաստաթղթերում, մասնավորապես՝ 1994 թվականի Բուդապեշտի որոշումներում»։

Դավիթ Բաբայանը նաեւ ասաց․ «Ի՞նչ է նշանակում համայնք․ կան Արցախի ու Ադրբեջանի քաղաքացիներ՝ անկախ իրենց ազգությունից։ «Համայնք» հասկացություն չունենք, ոչ էլ ինքնավար կազմավորում ունենք Արցախի կազմում։ Մեզ համար նման հասկացություն գոյություն չունի։ Եթե կան ադրբեջանցի բնակիչներ, որոնք ժամանակին եղել են Արցախի Հանրապետության կամ նախկին ԼՂԻՄ-ի քաղաքացիներ, սա այլ հարց է՝ փախստականներ, տեղահանվածներ, սա ուրիշ խնդիր է։ Բայց այն չի կարող միակողմանի կարգավորվել»։
Բաբայանն ընդգծեց Ստեփանակերտի պաշտոնական դիրքորոշումը․ խնդիրը կարող է կարգավորվել առաջին հերթին այն դեպքում, եթե կարգավորված են բոլոր քաղաքական խնդիրները։ Այսինքն՝ ոչ մի բաց հարց չպետք է մնա, երբ պետությունները՝ Արցախն ու Ադրբեջանը, իրար ճանաչեն, սահմանները հստակեցվեն, ամեն-ամեն հարց լուծվի, նոր անդրադարձ կատարվի մարդասիրական հարցերին։ Նա ընդգծեց նաեւ, որ չի կարող լինել ադրբեջանցիների վերադարձ Արցախ, առանց հայերի՝ Ադրբեջան վերադարձի։

Ինչ վերաբերում է Մադրիդյան եւ այլ սկզբունքներին, ապա, ըստ Բաբայանի, չկա փաստաթուղթ, կան ինչ-որ հարցեր, որոնք բանակցվում են։ Նա նաեւ ասում է․ «Էն, որ Ադրբեջանը խոսում է՝ տարածքային ամբողջականություն․․․ մենք կարող ենք դրանից հրաժարվել, չէ՞, ստիպված՝ էդ ապուշությունը քննարկում ենք, մեր հարցերն էլ՝ հետը․․․ էս բանակցությունները սա են, ու չի լինում, որ մենակ մեր հարցերը կարգավորենք, իրենք էլ իրենց խնդիրներն են դնում, ու այդ հարցերի շուրջ, ստիպված՝ ընթանում են քննարկումներ, բայց դա չի նշանակում, որ ընդունելի են»։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829