ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ձեռամբ երեկ նախագծերի մի փաթեթ է դրել շրջանառության մեջ, որով ուզում են ազատվել օրենքների ընդունման հարցում Սահմանադրական դատարանից ու ՀՀ նախագահից կախվածությունից։ Այսինքն՝ դեմ են գնում Սահմանադրության 168-րդ հոդվածին, որի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանվում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է ԱԺ-ի, կառավարության որոշումների, նախագահի հրամանագրերի, այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաեւ ե՛ւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ե՛ւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի համապատասխանությունը Սահմանադրությանը՝ մինչեւ դրանց ընդունումը։
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Գեւորգ Կոստանյանն այս նախագծի վերաբերյալ երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ե՛ւ ձեւական, ե՛ւ բովանդակային առումով այս նախագծի մասով լրջագույն խնդիր կա, ընդ որում՝ ոչ միայն Սահմանադրական դատարանի հետ կապված։
«Այնպես է ստացվում, որ հանրապետության նախագահը, որն օրենքը ստորագրելու կամ ՍԴ ուղարկելու լիազորությամբ է օժտված, սահմանադրական այս օրենքով, փաստորեն, զրկվում է օրենքի ստորագրման լիազորությունից։ Եվ ի՞նչ խնդիր է սա առաջացնում։ Սահմանադրության 123 հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը երկրում։ Իսկ նախագահն այդ լիազորությունն իրականացնում է, այդ թվում՝ այս կամ այն օրենքը ստորագրելու կամ չստորագրելու եղանակով։ Հետեւաբար, երբ որ նախագահին զրկում են որեւէ օրենք ստորագրել-չստորագրելու կամ այն ՍԴ ուղարկելու լիազորությունից, դրանով, ըստ էության, սահմանափակում են հանրապետության նախագահի գործառույթը՝ հետեւել Սահմանադրության պահպանմանը»,- ասաց Կոստանյանը։
Երկրորդը, ըստ մեր զրուցակցի, Սահմանադրության 168 հոդվածի հակասության հարցն է, որով, փաստացի, այդ հոդվածը շրջանցում են։ «Էդ, որ ասում են՝ օրենքները մինչեւ քվեարկելն ուղարկում են ՍԴ, դա հենց էնպես, ապրիորի չէ, դա իշխանությունների հակակշռման մեխանիզմի ամենակարեւոր սկզբունքներից մեկն է, որ էս դեպքում էլ այդ լիազորության ուժով Սահմանադրական դատարանն էլ՝ որպես դատական իշխանության մաս, հակակշռում է խորհրդարանին, որպեսզի խորհրդարանն ինչ ուզենա, չանի։ Այսինքն՝ այս լիազորության բովանդակային իրականացումը բխում է իշխանությունների տարանջատման եւ հակակշռման սկզբունքից»,- ասաց պարոն Կոստանյանը։
Կարդացեք նաև
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում