Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Վահագն Հովակիմյանն առաջարկում է ոչ պարտադիր դարձնել ԱԺ կողմից սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ ուղարկելու դրույթը․ «Հայկական ժամանակ»

Փետրվար 01,2020 10:56

Սահմանադրության փոփոխություններին ընդառաջ՝ մտահոգություններ են հնչում այն մասին, որ երբ փոփոխությունների նախագիծն ուղարկվի Բարձր դատարան՝ դրա սահմանադրականությունը պարզելու նպատակով, այս կազմով ՍԴ-ն, ամենայն հավանականությամբ, այն կճանաչի Սահմանադրությանը հակասող։ Այս մտավախության համար, ըստ ամենայնի, առիթ է հանդիսանում հանգամանքը, որ սահմանադրական փոփոխություններով հնարավոր է՝ լուծվի Սահմանադրական դատարանի ճգնաժամը։

Այս քննարկումների ֆոնին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ է դրել երեք նախագիծ, որոնցով առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ», «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Հանրաքվեի» մասին օրենքներում։

Հովակիմյանը, մասնավորապես, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկում է մինչեւ Սահմանադրության փոփոխությունների ընդունումը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր։

Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությամբ առաջարկում է ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը եւ Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը։

Նախատեսվում է նաեւ սահմանադրական փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարան չուղարկելու դեպքում նախագիծը ընդունել պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։

Վահագն Հովակիմյանը պարզաբանել է, որ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու իրավակարգավորումները սահմանված են Սահմանադրության 15-րդ՝ «Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը եւ հանրաքվեն» գլխով: Ըստ այդմ, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու երկու ճանապարհ է սահմանվում՝ հանրաքվեի միջոցով կամ ԱԺ-ի երկու երրորդով՝ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

Սահմանադրության 15-րդ գլխում, Հովակիմյանի ներկայացմամբ, չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ: Պատգամավորի պնդմամբ՝ միայն փաստը, որ ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ մասով ՍԴ-ի՝ սահմանադրականության ստուգման լիազորություն է տրված, ինքնին չի կարող նշանակել, որ այդ լիազորության տիրույթում գտնվող բոլոր իրավակարգավորումները՝ առանց ՍԴ-ի լիազորության իրացման չեն կարող տեղի ունենալ:

Բացի այս՝ Հովակիմյանը նշել է, որ Սահմանադրության համաձայն` ՍԴ-ն գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում․ «Որպեսզի ՍԴ լիազորության իրացումը լիներ պարտադիր, ՍԴ դիմող սուբյեկտի համար պետք է սահմանվեր դիմումի պարտադիրության պայման կամ ՍԴ կողմից դրական ակտի բացակայության հետեւանք, ինչպես դա առկա է նույն լիազորության իրավակարգավորման շրջանակներին վերաբերվող մնացած դեպքերում»:

Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829