ԿԳՄՍ նախարարության վարած քաղաքականության եւ մասնավորապես «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ զրուցել եմ ժամանակակից գրող, Bohem գրական-երաժշտական խմբի անդամ, մանկավարժ Գոռ Հարությունյանի հետ:
– Գոռ, ԿԳՄՍ նախարարության կողմից անցյալ տարեվերջին շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին ի՞նչ կարծիք ունեք:
– Առաջին իսկ օրից իմ բացասական կարծիքն եմ հայտնել եւ կարճ վերլուծականներ գրել այդ՝ այսպես կոչված նախագծի աշխատանքային տարբերակի դեմ, մասնավորապես` բուհերի պարտադիր առարկայացանկից հայոց լեզվի, հայ գրականության եւ հայոց պատմության դասավանդման «պարտադիր» բաղադրիչը հանելու առիթով:
– Բուհերից հայագիտական առարկաների դուրսմղումը համարենք բարի նպատակների իրագործման սխալ տարբերա՞կ, թե՞ միտում:
Կարդացեք նաև
– Ըստ իս` ակունքում միտում կա, որը, ինչպես կասեր Մեծն լոռեցին` աչքի պես պարզ է ու բարդ: Ընդհանրապես, ես ու ինձ պես շատ չափավոր պահպանողական մարդիկ տարիներ, ոմանք` տասնամյակներ շարունակ, խոսում են ամեն ազգայինի դեմ եղող պայքարի մասին: Ազգայինի դեմ այս «դեմարշը» ծագումնաբանորեն գեոքաղաքական է: Եվ ցավ է, որ «տեղական» քաղաքականությունը եւ այն իրացնող պարոններն ու տիկինները բավականին անցավ են տուրք տալիս օրենքի հակաազգային նախագծեր դակելու «հրահանգներին» եւ գրեթե զրո դիմադրությամբ են ընդունում ամենայն գարշելին, որ ծառանում է ազգային պետություն ունենալու ճանապարհին: Եվ սա վերաբերում է բոլոր ժամանակների իշխանություններին այս կամ այն չափով: Իներցիան շարունակվում է. գուցե խորանում: Եթե նախարարությունն ու ինքը` նախարարը, միտումի հեղինակ կամ մաս չեն կազմում, ապա` «դավին անտեղյակ, ցավին անտարբեր», կատարում են միտումի հեղինակների բոլոր պահանջներն անտրտունջ եւ, մի բան էլ, կուրծք ծեծելով, դրանց մտացածին ճշմարտացիության համար:
– Դուք ժամանակակից գրականության սիրված դեմքերից եք, Ձեր երկրպագուներից շատերն այս օրերին բողոքի ցույցեր են իրականացնում` ընդդեմ ԿԳՄՍ նախարարության առաջ քաշած նախագծի: Դուք պաշտպանո՞ւմ եք այդ երիտասարդների նախաձեռնողականությունը:
– Իհարկե պաշտպանում եմ, բայց բացառապես քաղաքական ինտրիգներից զերծ պայքարը: Ոչ մի կերպ չեմ ողջունում այն «պայքարողներին», որոնք ուղղորդված են. նրանց պայքարի նպատակը քաղաքական է եւ ինձ համար` անազնիվ: Հասկանալի է, որ մեր օրերին հատուկ ներքաղաքական խառնիճաղանջության ծիրում պետք է այլազան մոտիվացիաներ ունեցող խմբեր ու խմբավորումներ, անհատներ ու կազմակերպություններ փորձեն պղտոր ջրերում իրենց քիմքին հաճո ձկներ որսալ, բայց ազգային հարցերից քաղաքական միավորներ հավաքելու ունակներին պետք է ցույց տալ իրենց անփառունակ տեղն ու դիրքը: Ես հավատում եւ աջակցում եմ ձեր նախաձեռնած պայքարին՝ ուսանողներին եւ պրոֆեսորադասախոսական այն կազմին, որոնք զերծ են մնացել քաղաքական հայտարարություններ ու կոչեր հնչեցնելուց եւ ծայրահեղ ազնիվ են ազգային հարցերում իրենց ոգորումների մեջ: Նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի մասով էլ նկատեմ, որ այն քաղաքական է իր հիմքում եւ քիչ աղերս ունի բարձրացված հարցերի հետ, քանի որ ոլորտային ռազմավարական հարցերը միանձնյա չեն ընդունվում, այլ ամբողջ կառավարության եւ դրա ղեկավարի կողմից են «դակվում»` իբրեւ տեսլական:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում