Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ասուլիսն այս անգամ եւս աչքի ընկավ ապատեղեկատվության առատությամբ: Անգամ «վարչապետին ճիշտ չեն զեկուցում» արդարացմամբ հանդես եկողները ոչինչ չունեցան ասելու: Բացի ակնհայտ կեղծ տեղեկատվությունից, նրա ներկայացրած փաստերի մեջ քիչ չէին «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ եւ քննիչի աշխատասենյակում հարցաքննվել» կամ «վերջին ամիսներին Հայաստանում ընթանում են հնամաշ ավտոմեքենաների թափքերի ուտիլիզացման ակտիվ աշխատանքներ» տիպի, մեղմ ասած, ծիծաղելի «փաստեր», ինչպես նաեւ փաստեր, որոնք մշտապես արձանագրվել են բոլոր իշխանությունների ժամանակ եւ ոչ ոք այդ` ընթացիկ հարցերը որպես նվաճում չի ներկայացրել: Ներկայացնենք վարչապետի մի քանի առավել ուշագրավ «փաստերը», որոնք իրականության հետ առնչություն չունեն:
Պետբյուջեի եկամուտների ու ծախսերի խեղաթյուրումը
Ըստ Նիկոլ Փաշինյանի, 2018 եւ 2019 թվականների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացել են 505,4 միլիարդ դրամով, որի մի մասը` 200 մլրդ դրամն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով` 305,4 մլրդ դրամով ավելացել են պետական բյուջեի եկամուտները: Նրա հավաստմամբ, 2018-2019 թվականների արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43,6 տոկոս, իսկ տնտեսավարողներին ժամկետանց պարտք այլեւս չունենք:
Այստեղ գործ ունենք, Նիկոլ Փաշինայնի բնորոշմամբ` հիբրիդային խաբեության հետ.
Կարդացեք նաև
Նախ` 2017 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են մոտ 1 տրլն 237 մլրդ դրամ: Եթե հիմք ընդունենք Նիկոլ Փաշինյանի նախորդ ելույթում հայտարարած 2019 թ.-ի բյուջեի 89 մլրդ դրամով գերակատարումը, ապա բյուջեի տարեկան եկամուտները կկազմեն 1 տրլն 490 մլրդ դրամ: Հետեւաբար, 2017 թ.-ի համեմատ, երկու տարի հետո աճը կկազմի ոչ թե 43,6 տոկոս, այլ 20 տոկոս, բացարձակ թվով էլ` ոչ 505,4 մլրդ դրամ, ոչ էլ 305,4 մլրդ դրամ, այլ 253 մլրդ դրամ: Իսկ բյուջեի եկամուտների 10 տոկոս եւ շատ ավելի աճ ունեցել ենք նաեւ նախկինումՙ 2001-2003 թթ., 2005-2007 թթ., 2010 թ., 2011 թ., 2013 թ.-երին:
Ինչ վերաբերում է 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ տնտեսվարողներին ունեցած պարտքին, ապա հիշեցնենք, որ տնտեսվարողներին 55 մլրդ դրամ պարտքը հետ է վերադարձվել Կարեն Կարապետյանի կառավարության կողմից` հունվար-փետրվար ամիսներին: 2019 թվականի ընթացքում որպես անցումային գերավճար էլ վիճկոմի կողմից նշված է 136 մլրդ դրամը, այլ ոչ թե 200 մլրդ դրամը: Ընդ որում, 136 մլրդ դրամը առաջին եռամսյակի ցուցանիշների մեջ հայտնվել է հանկարծ, իսկ հունվար, փետրվար եւ մարտ ամիսներին տվյալների մեջ առանձին-առանձին այդ գումարը` մաս-մաս կամ ամբողջությամբ, ուղղակի չկա:
Պետական բյուջեի ծախսերի մասին վարչապետը հայտարարեց, թե 2020թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը, սոցիալական նշանակության եւ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ծախսերը որքան ավելի են լինելու 2017, 2018 եւ 2019 թվականների համեմատ: Այնուհետեւ հայտարարեց, որ 2020-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր: Ի՞նչ կարելի է ասել այս առնչությամբ:
Նախ` 2020 թ.-ին նախատեսվածը ներկայացնել որպես 2019 թ.-ին իրականացված «փաստ», նշանակում է մարդկանց հիմարի տեղ դնել: Երկրորդ` պետական բյուջեով նախատեսված ծախսերը թերակատարվել են շուրջ 223 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերը` ավելի քան 60 տոկոսով:
Նոր վարկ վերցնելու անհրաժեշությունն անցյալ տարի չպետք է լիներ, եթե բյուջեի եկամուտների աճը իսկապես ցնցող լիներ: Սակայն 2019 թ.-ին ՀՀ պետական պարտքը Նիկոլ Փաշինյանն ավելացրել է շուրջ 400 մլն դոլարով, որի մեծ մասը հենց բյուջեի ֆինանսավորմանն է ուղղված: Արդյունքում, ՀՀ պետական պարտքն արդեն հատել է 7 մլրդ դոլարի սահմանը :
ՀՆԱ աճի ցուցանիշը` ի վնաս կառավարության
Ըստ Նիկոլ Փաշինյանի, 2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7,5 տոկոս, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը եւ 1,3 տոկոսային կետով` 2018 թվականինը:
Բանն այն է, որ 2018 թ.-ին ՀՆԱ աճը 2017 թ.-ի համեմատ տարվա առաջին եռամսյակում 10 տոկոս էր, որը տարեվերջին նվազելով դարձել էր 5,2 տոկոս: Այնուհետեւ, 2019 թ.-ին 7,5 տոկոս ՀՆԱ աճը մեծապես պայմանավորվել է երկու ճյուղերով` ավտոմեքենաների ներմուծման ծավալների աննախադեպ աճով, որը պայմանավորված էր մեր երկրին ԵԱՏՄ մտնելիս տրված արտոնյալ ժամկետով եւ այս կառավարության հետ ոչ մի կապ չուներ, եւ բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքների աճով, որը հավելյալ արժեք չի ստեղծում: Սրան էլ ավելացնենք այն փաստը, որ 2017 թ.-ին Հայաստանի տնտեսական աճը կազմել էր 7,5 տոկոս, պարզ է դառնում, որ 1,3 եւ 1,6 տոկոսային կետով ՀՆԱ աճը գերազանցելու փաստերն իրականում ի վնաս ներկա կառավարության են:
Մանուկ ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում