Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի մասնակցության հարցում որեւէ դավադրություն եւ նահանջ չկա»

Փետրվար 01,2020 14:30

Հայկական կողմը ժնեւյան հանդիպմանն ընդառաջ ուներ իր լայն օրակարգը

Հունվարի 28-30-ը Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանձին եւ համատեղ հանդիպումներ անցկացրին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, եռօրյա քննարկումների ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հարցեր՝ 2019թ.-ին ձեռքբերված պայմանավորվածությունների եւ քննարկված առաջարկների իրականացում, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլեր, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքներ ու տարրեր:

Քաղաքագետ, «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Նարեկ Միանսյանն «Առավոտ»-ի հետ զրույցում փաստում է, որ հանդիպումների օրակարգը բավականին հագեցած է եղել: «Նախ փաստենք, որ Ժնեւում քննարկվել է 2019թ.-ի բանակցային գործընթացը, որը հագեցած էր հանդիպումներով՝ թե ԱԳ նախարարների, թե երկու երկրների ղեկավարների մակարդակներով: Հետեւաբար, 2019թ.-ին տեղի ունեցած գործընթացների ամփոփման խնդիր կար: Բանակցային գործընթացի միջավայրի եւ տարբեր մարդասիրական ծրագրերի առումով բավականին աշխատանքներ են տարվել, ուստի կարիք կար ամփոփելու, թե ինչպես են կյանքի կոչվել ձեռքբերված պայմանավորվածությունները, հնչած առաջարկները, թե ինչ խնդիրներ կան: Իհարկե, կարիք կար նախանշելու նաեւ 2020թ.-ի հնարավոր գործողությունները»,-նշում է նա:

Ըստ Նարեկ Մինասյանի՝ այս ամենը կարեւոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա ամիսներին բանակցային գործընթացում, ենթադրաբար, որոշակի հարաբերական դադար կլինի՝ պայմանավորված Ադրբեջանում փետրվարին սպասվող խորհրդարանական, իսկ Արցախում՝ մարտի վերջին սպասվող խորհրդարանական-նախագահական ընտրություններով. «Սա հաշվի առնելով՝ առաջիկա երեք ամսում հարաբերական դադար կլինի, ուստի նման երկարատեւ դադարից առաջ անհրաժեշտ էր քննարկել հնարավոր անելիքներն այդ ընթացքում: Միաժամանակ, հայկական կողմը ժնեւյան հանդիպմանն ընդառաջ ուներ իր լայն օրակարգը: Խոսքը վերաբերում է Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների մեկնաբանությունների նույնականության խնդրին եւ բանակցային սեղանի շուրջն Արցախի վերադարձի հարցին, նաեւ՝ բանակցային գործընթացի միջավայրին: «Միջավայր» հասկացության ներքո պետք է դիտարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների վերադարձը, ադրբեջանական հռետորաբանության խնդիրը, հնարավոր հումանիտար ծրագրերը»:

Մեր զրուցակցի բնորոշմամբ՝ հայկական կողմի համար կարեւոր է նաեւ հրադադարի ռեժիմի ամրապնդման խնդիրը, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնվում է. «Օպերատիվ կապը գործում է, եւ այն որոշակի արդյունքներ արդեն տվել է, ինչպես արձանագրվում է պաշտպանության նախարարության մակարդակով, սակայն, բնականաբար, հայկական կողմը տեսնում է նման մեխանիզմների արդյունավետության բարձրացման հնարավորություններ՝ առաջ մղելով նաեւ դա: Կարեւոր է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակի դիտորդական կարողությունների ընդլայնման խնդիրը, ինչի անհրաժեշտությունն արձանագրվեց նաեւ Բրատիսլավայում»:  ՀՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ Զոհրաբ Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը:

Նարեկ Մինասյանն այս ձեւակերպման մեջ խնդիր չի տեսնում. «Բովանդակային առումով «Արցախի իշխանություն» եւ «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» հասկացությունների միջեւ տարբերություն չկա, որովհետեւ Արցախի իշխանությունն ընտրվում է Արցախի ժողովրդի կողմից, եւ, բնականաբար, ունի ժողովրդի մանդատը՝ այդ թվում ներկայացնելու Արցախի ժողովրդի շահերը բանակցային գործընթացում: Մյուս կարեւոր շեշտադրումն ընտրական գործընթացներն են: ՀՀ ԱԳ նախարարի նման շեշտադրմամբ մենք ուշադրություն ենք հրավիրում Արցախում սպասվող ընտրական գործընթացի վրա, ինչը կարեւոր է: Այս առումով կարեւորվում է, որ սպասվող ընտրությունները միջազգային հանրության կողմից լինեն ընդունելի եւ ընկալելի: Նաեւ կարծում եմ՝ տվյալ եզրույթների շուրջ քննարկումներն արհեստական են: Տվյալ դեպքում ավելի շատ գործ ունենք ձեւակերպումների նրբության հետ: Ցանկացած հակամարտություն ունի իր բառակազմը՝ ընտրված տերմիններ, որոնք ընկալելի են միջազգային հանրության եւ տարբեր կողմերի համար: Ենթադրաբար, այս համատեքստում է կիրառվել այդ եզրույթը: Որեւէ դավադրություն եւ նահանջ այդ հարցում չեմ տեսնում: Հակառակը, հայկական կողմը շարունակում է առավել հետեւողական առաջ տանել Արցախի՝ բանակցային սեղանին լիարժեք վերադառնալու խնդիրը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829