Մանիպուլյացիա 1. Քաո՞ս՝ լոգիստիկայի փոխարեն
Արձանագրենք, որ ստորեւ ասվելիքն ամենեւին մերժման միտում չունի, այլ քննադատելու, որ «հոգեպես տառապել է նշանակում», ինչպես Գարեգին Նժդեհը կասեր: Թեեւ միանգամայն պատրաստ ենք օրվա տերերի խլշկոտելու եւ թշնամանալու ազատությանը. Ազատությունն, ամեն դեպքում, բարձրագույն արժեք է:
Հանրային գիտակցությունը մանիպուլացնում են ամենուր, հատկապես ժողովրդավարական երկարատեւ ավանդույթներ չունեցող երկրներում: Ճշմարտանման սուտն անցկացնելու համար օգտագործվող մանիպուլյացիաներից է հանրային գիտակցության մեջ անորոշություն եւ խառնաշփոթ ստեղծելը:
Դրանք առաջացնում են տագնապ, խուճապ, վախ, ապա՝ համակերպում սեփական շահերը վնասող գաղափարին: Պղտոր ջրում հեշտ է ձուկ որսալը: Օրինակ, չի բացառվում, որ մեր Կրթության… լայնատարած անվանմամբ նախարարությունն ունի որոշ տեսլական, թե ի՛նչ ելքային տվյալներ է ակնկալում մանկապարտեզից, դպրոցից, բուհից, հետբուհական կրթությունից:
Կարդացեք նաև
Կրթությունը ենթադրում է շարունակականություն, փոխկապակցվածություն: Դեռ աստիճանաբար՝ դասարան առ դասարան չփոխած մանկապարտեզի, ապա եւ՝ հանրակրթության ծրագրերը, բուհում հեղափոխական վիրահատություն կատարելը նման է դեռ հիմքերը չսարքած շենքի եվրավերանորոգման համար պարագաներ գնելուն: Դա վերաբերում է նաեւ միկրոհամակարգերին: Ամենապարզունակ մի օրինակ. հնարավո՞ր է, ասենք, մաթեմատիկայի 7-րդ դասարանի դասագրքում փոփոխություն անել, երբ դրա պահանջներին չի համապատասխանեցվել 6-րդ դասարանինը: Մի՞թե կարելի է հայոց լեզուն՝ մեր ազգային գոյության միակ գրավականը, հանել բուհերի ոչ հումանիտար բաժիններից, երբ մայրենիի հանրակրթական իմացությունը, գրագիտությունը զրոյից գրեթե այն կողմ չէ: Կարող եմ հրապարակել հարյուրավոր ուսանողների գրած դիմումները:
Այնտեղ հոդաբաշխ խոսք գրեթե հնարավոր չէ գտնել, թեեւ երկու-երեք դասաժամ բացատրվել են դիմումի գրության ձեւը, պարունակվող տրամաբանական խմբերը, գրատախտակին թողնվել է ձեւանմուշը: Այսինքն՝ դպրոցում անցել են ուղղագրություն, դիմում գրել, բայց արդյունքն ավելի քան ողբերգական է. հիմա ի՞նչ՝ սկսենք բուհի՞ց, թե՞ դպրոցից: Դեռ մի կողմ թողնենք, թե դպրոցի ինչի՛ց է պետք սկսել՝ հայեցակարգի՞ց, ծրագրի՞ց, մեթոդիկայի՞ց, ուսուցչի աշխատավարձի՞ց… Իհարկե, միանգամայն ճիշտ են իշխանությունները, որ քերականություն պետք չէ բուհերի ոչ հումանիտար բաժիններում (առայժմ մի կողմ թողնենք, որ լեզուն միայն փոքրիկ մասով է քերականություն): Այս ճշմարտությունը նետելով հանրային գիտակցության մեջ՝ հետապնդվում է մեկ նպատակ … ավելորդ բաները պետք է հեռացնել:
Հանրային գիտակցությունը նախապատրաստվել էր ավելորդությունները հեռացնելու գաղափարին, ինչը ենթագիտակցական մակարդակում ասոցացվել էր օլիգարխական ավելորդ շքեղության, պաշտոնյաների ավելորդ մեքենաների, արտոնյալ խավի ավելորդ անպատժելության հետ: Երբ նետվում է հաջորդ միտքը՝ հանել բուհերից հայոց լեզուն, աշխատում է ասոցիատիվ մեխանիզմը, եւ հանրությունն արդեն պատրաստ է ողջունելու հերթական ավելորդությունից հրաժարումը:
Ընդվզում են հիմնականում բանասերները, ովքեր խնդիրը պատկերացնում են ներսից, իսկ հանրությունը մի տեսակ անհաղորդ է… մանիպուլյացիան կատարել է իր դերը: Հետո իմ սիրելի Վարչապետը զարմանում է, որ միայն բանասիրականի ուսանողներն են դեմ, քանի որ իրե՛նց շահերն է շոշափում:
Այսպես, հանրության գիտակցության մեջ նեղ էգոիստներ են ընկալվում անիծյալ բանասերները, որոնք չեն զորում ասել. «Երբ Մեծ Բրիտանիայում հանքահոր է փակվում կամ Գերմանիայում օդագնացության ռեֆորմ է արվում, մի՞թե առաջինը հենց հանքափորները կամ օդաչուները չեն ընդվզում, իսկ ինչո՞ւ երբ Արարատյան դաշտում ջրարբիացման շրջանում հողագործի ջուրը կտրում են, ՊԵԿ աշխատակիցները կամ ատամնատեխնիկները պետք է փակեն միջպետական ճանապարհները»:
Այսպես հանրային գիտակցության մեջ խեղվում է էգոիզմի սահմանը՝ մխրճվելով իրավունքի պաշտպանության դաշտ: Մանիպուլյացիան էլ հենց այն է, երբ ակնհայտ վնասակար գործունեության մասին հարցեր չեն առաջանում (դրանք նախապես կանխված են քարոզչական հրետանային նախապատրաստմամբ), եւ մարդն ակամա գործում է իր շահերին դեմ: Նույն մանիպուլյացիան է իրականացվում, երբ ասվում է, թե Հայաստանում հիգիենան պետք է բավարարի քաղաքակիրթ երկրների չափանիշերին: Կա՞ որեւէ բանական մարդ, որ չուզենա դա: Հանրային միտքը պատրաստ է:
Պետք է միայն ավելացնել, թե որպես առաջին քայլ ինչի՛ց ենք սկսում: Սկսում ենք գյուղացիներին արգելել սեփական անասունը մորթելո՞ւց: Սրա դեմ ընդվզում են միայն նրանք, ովքեր խնդիրը գիտեն ներսից, կորուստների չափը զգում են սեփական մաշկի վրա: Հիմա էլ էգոիստը՝ Հայաստանի քաղաքակիրթ դառնալն իբր չուզողը, գյուղացին է, որն ասում է, թե պետք է նախ այդ քաղաքակիրթ սպանդանոցը ողջամիտ հեռավորության վրա կառուցել՝ հետո նոր իրեն արգելել: «Դուխովիկները» գոնե հայ կինեմատոգրաֆի լավագույն նմուշներից մեկից՝ «Մենք ենք մեր սարերից» տեղեկանային ոլորտին եւ հիշեին, թե ո՛վ է ոչխար գնողը եւ ո՛վ՝ չվաճառողը:
Նույն մանիպուլյացիան է, երբ ասվում է, թե Հայաստանի ապագա հպարտ, ենթադրաբար՝ նաեւ երջանիկ, քաղաքացին ոչնչով պակաս չէ ֆրանսիացի կամ ամերիկացի նորածնից, նա՛ էլ իրավունք ունի ծնվելու ժամանակակից բուժտեխնիկայով հագեցած ծննդատներում: Կգտնվի՞ որեւէ մտագար, որ դեմ լինի այս հրաշալի գաղափարին:
Չի՛ գտնվի: Բայց փոխանակ այդ վատ ծննդատները արդիականացնելու, բրենդային դարձնելու, դեպի իրենց՝ Երեւանից ու նույնիսկ օտարներին հրապուրելու, սկսում ենք փակելն այն դեպքում, երբ Վարչապետն ասում է, որ գումարներ կան, ծրագրեր են պետք: Կարծում եմ՝ Վարչապետը չի ստում, այլ ոլորտային իշխողներն են անծրագիր ու սահմանափակ գաղափարով: Ո՞ւմ են պետք նրանք, ովքեր ծրագիր ու գաղափար, երազ ու տեսլական չունեն, ում ծրագիրն ու գաղափարը սկսվում եւ ավարտվում է փակելով, արգելելով՝ հայոց լեզվից մինչեւ ծննդատուն, մանկատուն ու սպանդանոց: Հիմա էլ առաջին էգոիստը հին ծննդատներում աշխատող բուժանձնակազմն է:
Հետո արվում է հաջորդ մանիպուլյացիան, իբր խոսքը ոչ թե հեռավորության, այլ մարդկանց քանակի մասին է: Իհարկե, շատ գյուղերի բնակչություն երեւանյան մեկ բազմահարկի չափ էլ չէ. բայց չէ՞ որ այդ բազմահարկերը միմյանցից 20-30 կիլոմետր հեռավորության վրա չեն: Աճպարարությունը, լավագույն դեպքում՝ անգիտությունն ակնբախ է: Ասվեց մեկ ճշմարտություն՝ գյուղերի բնակչության մասին, որի տակ վարպետորեն լղոզվեց հիմնական երկու ճշմարտություն՝ բուժհաստատությունների որակը եւ գյուղերի հեռավորությունը հիվանդանոցներից, չափի միավորի փոխարեն վարպետորեն սահեցվեց քանակի միավորը:
Ամո՛թ է, Հայաստանում դեռ հասկացողներ մնացել են: Խնդիրը հեղափոխական մեթոդոլոգիայի մեջ է. «Այս հին աշխարհը կքանդենք մենք/ Մինչեւ հիմքերը, եւ հետո/ Մեր նոր աշխարհը կշինենք մենք»: Հեղափոխական անիծյալ երգի անիծյալ փիլիսոփայություն, որ որդեգրել ենք:
Ողբերգությունն այն է, որ քաոսի մանիպուլյացիան հանգեցնում է հասարակության բեկորացման, ատոմիզացիայի, արժեքային ուղղորդիչների կորստի: Իսկ քաոսի պարագայում մենք որպես պետություն անպաշտպան ենք դառնում հնարավոր արտաքին ոտնձգությունների հանդիման: Ինչպես ասում էին ժամանակին՝ ելք կա. եւ այդ ելքն այն է, որ վերջապես հասկացվի … նորը սարքելուն համընթա՛ց եւ համաչա՛փ պետք է քանդվի հինը, հինն ու նորը հաղորդակից անոթներ են: Պետք է վերջապես հասկանալ, թե ո՛րը որի՛ց հետո է:
Ափսոս է Հայաստանը, որ դարձնենք մի նոր Արշակավան՝ սրանից բխող ողբերգական վախճանով: Պապ թագավորը հայտնի ճակատագրին արժանացավ նաեւ այն պատճառով, որ իրենից առաջ հայրն Արշակավան էր սարքել…
Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ
«Առավոտ» օրաթերթ
31.01.2020