Վճռաբեկ դատարանից հետո պաշտպանը ցմահ ազատազրկվածի գործով ՄԻԵԴ գանգատ է պատրաստում 20 տարվա ընթացքում ընդամենը 2 կարգապահական տույժերը նույնպես չեն կարող վկայել դատապարտյալի ոչ պատշաճ վարքագծի մասին, հաշվի առնելով նաեւ, որ վերջին տույժը դատապարտյալը ստացել էր 10 տարի առաջ:
Կամո Շալունցը 1996թ. փետրվարի 24-ին ՀՀ Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի դատավճռով դատապարտվել է մահապատժի: Պատժի սկիզբը հաշվվել է 1995 թվականի սեպտեմբերի 7-ից։ 2003 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով նրան ներում է շնորհվել եւ մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
Կամո Շալունցը պատիժը մինչ օրս կրում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կողմից Կամո Շալունցի վերաբերյալ կազմված զեկույցի համաձայն, վերջինս պատժի կրման ընթացքում դրսեւորել է բավարար վարքագիծ եւ դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, դատապարտյալը կանգնել է ուղղման ճանապարհին, ուստի վերջինիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու են ներկայացրել: 2018թ. օգոստոսի 31-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կողմից դատարանի քննարկմանն է ներկայացվել Կամո Շալունցին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը։
Անցյալ տարվա ապրիլի 4-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել Կամո Շալունցին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին։ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացվել է ազատազրկվածի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանի վերաքննիչ բողոքը։ 2019թ. հուլիսի 29-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու մասին։ Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանական կողմը ստացել է օգոստոսի 15-ին:
Կարդացեք նաև
Ռոբերտ Ռեւազյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Կամո Շալունցին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելը մերժել է հետեւյալ հիմնավորմամբ. նա մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, պատժի կրման ընթացքում երկու անգամ ենթարկվել է կարգապահական տույժի, տուժողի իրավահաջորդներին պատճառված վնասը չի հարթել։
Իսկ վերաքննիչ դատարանն էլ իր որոշմամբ արտահայտել է հետեւյալ դիրքորոշումը. «Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Կ. Շալունցին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդությունը մերժելու մասին իր որոշման հիմքում դրել է այն, որ դատապարտյալ Կամո Ալբերտի Շալունցը կատարել է առանձնապես ծանր հանցագործություն, պատժի կրման ընթացքում երկու անգամ ենթարկվել է կարգապահական տույժի եւ տուժողների իրավահաջորդներին պատճառված վնասը չի հարթել։
Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով նաեւ, որ դատապարտյալը տուժողների իրավահաջորդներին պատճառած վնասը հարթելու ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել, հատուցման համար գրավոր պարտավորություն չի ստանձնել, իսկ տուժողի իրավահաջորդը փաստացի առարկել է Կ. Շալունցին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդության դեմ, արձանագրում է, որ նշված հանգամանքների համակցությունը հիմք չի տալիս հիմնավորված հետեւություն անելու առ այն, որ Կ. Շալունցի կողմից օրինապահ վարքագիծ դրսեւորելու հավանականության աստիճանը բավարար է՝ թե հասարակական անվտանգության եւ թե հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, որ նա ուղղվելու համար այլեւս նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, եւ որ նշանակված պատժի հետագա կրումից նրան պայմանական վաղաժամկետ ազատելու միջոցով հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացվելիությունը»։
Ռ. Ռեւազյանն ասում է. «Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ԵԽ Նախարարների կոմիտեն դեռեւս 1976թ. վերանայել է երկարատեւ ազատազրկման եւ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ հարցերը, որի վերաբերյալ ընդունել է բանաձեւ, որով մասնակից երկրներին, ի թիվս այլ հարցերի, առաջարկել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կիրառել նույն սկզբունքները, որոնք կիրառվում են երկարատեւ ազատազրկման դատապարտված այլ դատապարտյալների դեպքերում. պարբերական հաջորդականությամբ վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատժաչափերը։ Իր զեկույցում ենթակոմիտեն հայտարարել է, որ անմարդկային է մարդուն բանտ նստեցնել ամբողջ կյանքի ընթացքի համար՝ առանց ազատ արձակվելու հույսի»։
Ըստ բողոքաբեր կողմի. «Առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանների այն պատճառաբանությունը, որ Կամո Շալունցը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ եւ պատժի կրման ընթացքում երկու անգամ ենթարկվել է կարգապահական տույժի, ապա կարելի է եզրահանգել, որ դատարանները սահմանել են անհաղթահարելի շեմ՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ։
Թե 5 տարի անց, թե 15 կամ 50 տարի անց, այս հանգամանքները փոփոխման ենթակա չէն, դատարաններն ամեն անգամ կարող են վկայակոչել այդ հանգամանքները Կամո Շալունցի պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը մերժելու համար՝ վերջինիս փաստացի զրկելով պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հույսից»։
Պաշտպանական կողմը հղում է կատարում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը. «Ինչ վերաբերում է պատժի կրման ընթացքում մեկ անգամ կարգապահական տույժի ենթարկվելուն, ապա դատարանի գնահատմամբ՝ 8 տարի ազատազրկման ձեւով պատիժ կրելու ընթացքում 1 անգամ կարգապահական խախտում թույլ տալը եւ դրա համար տույժի ենթարկվելն ինքնին չի կարող վկայել դատապարտյալի ոչ պատշաճ վարքագծի մասին»։ Հարցին, թե տուժողների վնասը չի՞ հատուցել, պաշտպանն ասաց. «Կարծում եմ, որ այս հիմքը ինքնաբերաբար չի կարող պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը մերժելու հիմք հանդիսանալ։ Նաեւ կարեւոր է գնահատել՝ անձը արդյոք չարամտորեն է խուսափել վնասը հարթելուց, թե ողջամտորեն դրա հնարավորությունը չի ունեցել»։
Ըստ Վերաքննիչ դատարանի էլ. դատապարտյալը հատուցման համար գրավոր պարտավորություն չի ստանձնել։ Ի դեպ, Կամո Շալունցի անձնական գործում առկա էին եւ այդ մասին թե Վճռաբեկ, թե վերաքննիչ դատարաններում հայտնել էր բողոքաբեր պաշտպանը, որ դեռեւս տարիներ առաջ իր կողմից հիմնարկի պետին ուղղված դիմումներ, որով նա խնդրում է իրեն ապահովել աշխատանքով, որպեսզի հնարավորություն ունենա քաղաքացիական հայցը մարելու, ինչին դատարանը չէր անդրադարձել, նաեւ չէր անդրադարձել այն փաստին, որ քրեակատարողական հիմնարկը չի առաջարկել կամ իրազեկել Կ. Շալունցին, որ կարելի է ստանձնել գրավոր պարտավորություն քաղ. հայցը մարելու համար։
Ասվել էր, թե դատապարտյալն ունի 42.000.000 ՀՀ դրամ քաղաքացիական հայց: Ըստ Ռ. Ռեւազյանի, խոսքը վերաբերում է ընդամենը 520 000 (համապարտության կարգով 1.600.000) ՀՀ դրամին, որի պատճառով, մեր գնահատմամբ, իրավաչափ չէ ավելի քան 20 տարի ազատազրկման մեջ գտնվող անձին ազատ արձակելը մերժելու համար։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.01.2020