Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ պատահեց «Վայրի խոլորձը» էրոտիկ ֆիլմից հետո

Փետրվար 01,2020 12:30

Միքի Ռուրկի ու Քերի Օտիսի խելահեղ սիրո ու բաժանման պատմությունը

Բազմաթիվ կինոմրցանակների արժանացած ամերիկացի կինոդերասան Միքի Ռուրկի ու գեղեցկուհի մոդել Քերի Օտիսի միջեւ տարիքային տարբերությունը 25 տարի էր, բայց դա չխանգարեց, որ Զալման Քինգի «Վայրի խոլորձը» էրոտիկ ֆիլմից հետո նրանք սիրեն միմյանց ու չցանկանան բաժանվել:

Kurturologia-ն ներկայացնում է, թե ինչ կործանիչ կիրք էր տածում Միքի Ռուրկը Օտիսի հանդեպ: Ռուրկը ծնվել է անհաջող ընտանիքում: Միքին յոթ տարեկան էր, երբ հայրը հեռացավ ընտանիքից՝ թողնելով կնոջն ու երեք երեխաներին բախտի քմահաճույքին: Իսկ երբ մայրն ամուսնացավ սպայի հետ, Միքիի կյանքը վերածվեց իսկական դժոխքի, քանի որ մշտապես ծեծի էր ենթարկվում իր համար անչափ ատելի խորթ հոր կողմից:

Տասներկու տարեկանում Միքին որոշեց բռնցքամարտով զբաղվել, իսկ տասնութում ծեծեց խորթ հորն ու հեռացավ տնից: Ռինգում ունեցած բազմաթիվ հաղթանակները, սակայն, չստիպեցին նրան բռնցքամարտիկի կարիերա անել: Երիտասարդը գումար էր վաստակում դռնապան, մատուցող, պահակ, փրկարար, բեռնակիր աշխատելով եւ այլ աշխատանքներ կատարելով: Նա չէր մոռանում նաեւ դպրոցական ներկայացման մեջ խաղացած իր դերը, որն ուղղակի հիացրել էր հանդիսատեսին:

Դրանից հետո նա որոշեց դերասան դառնալ, քրոջից պարտքով գումար խնդրեց, մասնակցեց դերասանական վճարովի դասընթացների, սկսեց նկարահանվել կինոյում: Ցավոք, Ռուրկը շատ էր խմում, եւ կռվարարի համբավ ուներ: Նա ալկոհոլի միջոցով փորձում էր մոռացնել տալ իր դաժան մանկությունն ու բարդ երիտասարդությունը: Քերիի հայրը դատավոր էր, մայրը՝ ֆինանսիստ, ընտանիքն առաջին հայացքից նորմալ էր: Սակայն ամուսինները չարաշահում էին ալկոհոլն այն աստիճան, որ մոռանում էին երեխաների մասին:

Քերին եւս ալկոհոլի հանդեպ հակում ուներ դեռեւս դպրոցական տարիքից: 22 տարեկանում աղջիկն արդեն մոդելի հաջող կարիերա էր արել, նա մասնակցում էր հանրահայտ դիզայներների ցուցադրություններին, նրա լուսանկարը հայտնվում էր տարբեր հեղինակավոր ամսագրերի շապիկներին: Քերին կոկայինի հանդեպ եւս հակում ուներ: Եվ երբ նա հանդիպեց Միքիին, նրան թվում էր, թե այդկերպ վերջ կդրվի իր վտանգավոր մոլություններին: «Վայրի խոլորձի» քաստինգի ժամանակ Միքին հայտարարեց, որ կնկարահանվի միայն Քերիի հետ, թեեւ ռեժիսորը հենց նրան էլ ընտրել էր: Ֆիլմի նկարահանումների ժամանակ նրանք չէին ամաչում ի ցույց դնել իրենց մտերիմ հարաբերությունները:

1991թ. զույգն ամուսնացավ: Այդ ժամանակ նրանք չգիտեին, թե ինչ կործանարար կարող է լինել իրենց սերն իրենց իսկ համար: Ամուսնական կյանքը երկուսի համար էլ փորձություն էր, իսկական դժոխք: Միքին ահավոր խանդում էր Քերիին ու կռվում յուրաքանչյուրի հետ, ով համարձակվում էր նայել կնոջը: Բանը հասավ նրան, որ մոդելային գործակալությունները հրաժարվեցին Քերիի հետ աշխատել, որը մշտապես տոնային կրեմի հաստ շերտով քողարկում էր մարմնի եւ դեմքի կապտուկները: Միքին գժվում էր կնոջ համար, բայց կարող էր նաեւ նյարդերը տեղի տալու դեպքում՝ դաժանորեն ծեծել նրան, ինչը հաճախ էր պատահում:

Ըստ լուրերի՝ եղել է, որ Միքին անգամ փորձել է կրակել կնոջ վրա, սակայն վրիպել է, քանի որ ոչ սթափ վիճակում է հրազեն օգտագործել: Հերթական ծեծից հետո, երբ Քերին հայտնվեց հիվանդանոցում, հայտարարեց, որ չի ցանկանում տեսնել Միքիին, դատարանն էլ արգելեց նրան մոտենալ կնոջը: Միքին աղերսում էր վերադառնալ կնոջը, սակայն Քերին պայմաններ էր դրել, որոնցից մեկն էլ այն էր, որ նախկին ամուսինը պետք է փոխվի: Մի օր էլ նրանք իսկապես բաժանվեցին, եւ Քերին ուրիշի հետ ամուսնացավ, մայր դարձավ եւ հասկացավ, թե ինչպիսին պետք է լինի նորմալ ամուսինը:

Միքին 7-8 տարի դեռ սպասում էր Քերիի վերադարձին, այդ ընթացքում նա բազմաթիվ ընկերուհիներ ունեցավ, որոնց պատմում էր, թե որքան է սիրում Քերիին: Ի դեպ, Քերին եւս իր ողջ կյանքում սիրել է միայն Ռուրկին: Բայց վերադարձի բոլոր կամուրջներն այլեւս այրված էին:

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
31.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829