Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի փրկության միակ ելքը

Փետրվար 01,2020 12:00

Թե նորանկախ Հայաստանն ինչ խութերով է անցել եւ այսօր ինչ իրավիճակում է հայտնվել, այսպես, թե այնպես, բոլորին է հայտնի ու ներկայումս հարցերի հարցն այն է, թե ինչպես փրկել իրավիճակը եւ Հայաստանը դուրս բերել այս անորոշ, աղետալի ու անապագա վիճակից, քանզի ծովից ծով Հայաստանից մնացել է այս մի բուռ երկիրը, որտեղ ապրում է տաղանդավոր եւ ստեղծագործ ժողովուրդ, որը պարտավոր է շենացնել ու ծաղկեցնել Հայաստանն ու հաջորդ սերունդներին փոխանցել ուժեղ եւ կայացած Հայաստան:

Նորանկախ Հայաստանի հիմքը դրվեց սեփականաշնորհման խայտառակ գործընթացով, որը երկու բառով կարելի է բնութագրել որպես բացահայտ թալան, քանի որ եւ հողի սեփականաշնորհումը, եւ անշարժ գույքի ու մնացած ամեն ինչի սեփականաշնորհումն իրականացվեց նույն կեղտոտ սխեմայով:

Ամեն ինչ հիմնականում կոպեկներով իրենցով արեցին բարձրաստիճան եւ սեփականաշնորհման գործընթացը կարգավորող պաշտոնյաները, ճարպիկ ունեւորները, իսկ հասարակ ժողովրդին, որոնց ապուպապերն էին իրենց քրտինքով այդ ողջը արարել, բաժին հասավ ընդամենը մի քանի հատ թղթի կտոր՝ վաուչեր, որը պարտադրված եւ շատ արագ նրանք ստիպված եղան կոպեկներով վաճառել նորաթուխ սեփականատերերին:

Այլ խոսքով, պետության ողջ սեփականությունն անցավ մի շարք մարդկանց ձեռքը, իսկ ժողովուրդը մնաց ձեռնունայն: Հայաստանում սկսվեց վայրի կապիտալիզմի ժամանակահատվածը:

Սա այն թեման է, որի մասին բառացիորեն կարելի է հատորներ գրել եւ բոլորին պարզ կդառնա, թե ինչպես եղավ, որ Հայաստանն այսօր դարձել է մի քանի տասնյակ գերունեւորների եւ ունեւորների ու 70-ից ավելի տոկոս աղքատների եւ ծայրահեղ աղքատների երկիր: Այսպես ասած, սեփականաշնորհման գործընթացում թալանն այնքան բացահայտ էր, գռեհիկ ու ամոթալի, որ կարծես, հենց այդպես էլ պետք է լիներ, որի պատճառով բնակչության մտավորական եւ բիզնեսի ջիղ ունեցող հատվածները կտրուկ որոշում կայացրեցին եւ ընդմիշտ լքեցին Հայաստանը:

Վայրի կապիտալիզմի ջատագովները, ովքեր իրենցով էին արել պետության ողջ ունեցվածքը, այնքան անտարբեր ու անշնորհք գտնվեցին սեփական ժողովրդի նկատմամբ, որ փոխանակ փորձեր անելու վերագործարկելու՝ աշխատեցնելու ձեռք բերված ձեռնարկությունները, լրիվ վաճառեցին այդ ձեռնարկությունների ողջ գույքը, իսկ շինություններն սկսեցին հիմնականում օգտագործել հրուշակեղենի եւ այլ փոքրիկ արտադրությունների համար որպես ցեխեր:

Փաստացի, ժողովրդի համար գոյություն ունեցող միակ աշխատատեղերն սկսեցին փակվել եւ սկիզբ առավ համատարած գործազրկությունը: Լրիվ բնական էր, որ գործազրկությանը պետք է հաջորդեր անճար ու հասարակ ժողովրդի արտագաղթը, որը եւ սկսեց մեծ թափ առնել: Փաստորեն, երկար տարիներից ի վեր, հայը դարձյալ բռնեց պանդխտության ու գաղթի ճանապարհը: Մի պահ փորձենք նորանկախ Հայաստանի պատմությունը պայմանականորեն բաժանել երկու ժամանակահատվածի. մինչեւ 2018թ. ապրիլյան հեղափոխությունը եւ դրանից հետո՝ մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատվածը:

Այդ ընթացքում նորանկախ Հայաստանում բազմաթիվ ու բազմապիսի իրադարձություններ տեղի ունեցան, որոնցից փորձենք առանձնացնել ամենակարեւորները. 1988թ.-ից փաստացի սկիզբ առած Ղարաբաղյան պատերազմը, որը շարունակվում է մինչեւ այսօր, 1999թ. հոկտեմբերի 27-ի խորհրդարանի իրադարձությունները, 2008թ. մարտի 1-ի դեպքերը, որոնք էլ ավելի խորացրին երկրում առկա բազմապլան ճգնաժամը:

Այստեղ շատ կարեւոր է հիշատակել, որ նորանկախ Հայաստանում այսքան տարիների ընթացքում ոչ կառավարման, ոչ էլ այլ բնագավառներում այդպես էլ որեւէ տիպի համակարգեր չմշակվեցին ու չներդրվեցին ու առաջացած բոլոր հարցերը փորձում էին լուծել, ելնելով պահի հրատապ հրամայականներից ու պահանջներից: Այսօր էլ այդ իմաստով համարյա որեւէ բան չի փոխվել, քանզի ինչպես արդեն նշեցի, օրենսդրական համակարգեր եւս չեն գործում, այլ ուղղակի որոշակիորեն օգտվում են եղած կիսատ-պռատ առկա օրենսդրությունից, միաժամանակ շատ ավելի օգտվելով այդ օրենսդրության բացերից ու չկարգավորվածությունից: Սովորության համաձայն այսքան տարիներ ի վեր, բոլոր իշխանությունները մշտապես խոսել եւ խոսում են կոռուպցիայից ու կաշառակերությունից, սակայն այդ ուղղությամբ գործուն քայլեր չի արվում եւ այդ ամենն այդպես էլ մնում է ձայն բարբառո հանապատի:

Այսինքն, բոլորը բարձրաձայնում են կոռուպցիայի վտանգավորության մասին, նշում, որ երկրի կործանման հիմնական պատճառներից մեկը դա է, թեզիսների ձեւով անորոշ ծրագրեր են ներկայացնում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության եւ վտանգավորության մասին, սակայն մինչեւ 2018թ. ապրիլյան հեղափոխությունը գործող իշխանություններն ամեն ինչ անում էին ոչ թե կոռուպցիայի կանխարգելման ու վերացման համար, այլ որպեսզի կոռուպցիան ցաքուցրիվ վիճակից վերածվեր համակարգված եւ իրենց կողմից վերահսկելի վիճակի:

Փաստացի, նորանկախ Հայաստանի ձեւավորման առաջին օրերից մինչեւ 2018թ. հեղափոխությունը, տարբեր իշխանությունների կողմից, իրականացվել է տարբեր չափերի թալան, ամեն ինչ ուղեկցվել է կոռուպցիոն սխեմաների գործադրմամբ եւ բնական է, որ այդ ամենի արդյունքում երկիրը պետք է հայտնվեր այսպիսի աղետալի վիճակում:

Թավշյա իշխանությունները փորձում են կոռուպցիայի դեմն առնել, սակայն ձեռնարկվող միջոցառումներն այս դեպքում եւս կրում են ոչ թե համակարգային, այլ կետային բնույթ, որը չի կարող լուրջ արդյունքներ արձանագրել: Ասվածը պարզորոշ խոսում է այն մասին, որ Հայաստանը բոլոր առումներով հայտնվել է ոչ նախանձելի վիճակում եւ բավականին լրջագույն քայլեր պետք է արվեն, նախ կանգնեցնելու այս վիճակի էլ ավելի խորացումը եւ աստիճանաբար՝ ճյուղ առ ճյուղ վերականգնել ստեղծված կատաստրոֆիկ վիճակը:

Անկեղծ ասած, ներկայում եւս չափազանց բարդագույն վիճակ է տիրում երկրում եւ աներեւակայելիորեն բարդ է ստեղծված վիճակը շտկելը, բայց իշխանությունները պարտավոր են օգտագործելով հասարակության ողջ ներուժը, մաքսիմումն անել, քանզի այլ ճանապարհ չկա, եւ ի վերջո, սա ժողովրդի հայրենիքն է, առավել եւս, որ իրենց կողմից հռչակված է, որ իշխանությունը ժողովուրդն է:

Ստեղծված վիճակը փրկելու եւ դրական դինամիկա ապահովելու համար, իշխանությունները անհապաղ պետք է իրականացնեն միաժամանակյա մի շարք քայլեր, որոնք չափազանց պարտադիր են եւ ցավոք, ուշացած: Դրանց իրականացումը պետք է տեղի ունենա ի հնարավորին արագ եւ խիստ համակարգված:

Իհարկե, վերը նշված քայլերի անհրաժեշտությունը կա բոլոր բնագավառներում, սակայն փորձենք դրանցից առանձնացնել ամենակարեւորները եւ ամենահրատապները:

Դրանք են.
1/.Սահմանադրական ռեալ փոփոխությունների իրականացում կամ նոր սահմանադրության ընդունում:
2/. Դատաիրավական համակարգի ամբողջական բարեփոխում, որը բնականաբար պետք է ուղեկցվի օրենսդրական դաշտի էական փոփոխություններով: 3/.Կառավարման բոլոր մարմիններում նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված ժամանակակից համակարգերի մշակում եւ ներդնում:
4/.Կառավարման բոլոր մարմիններում, հիմնարկ-ձեռնարկություններում, կազմակերպություններում թափանցիկության եւ հաշվետվողականության ժամանակակից համակարգերի մշակում եւ ներդնում:
5/.Տարեկան պարբերականությամբ բոլոր պետական պաշտոնյաների աշխատանքային որակավորման եւ աշխատանքային արդյունավետության ստուգման անցկացում ու այդ չափանիշներին չհամապատասխանող աշխատակիցների աշխատանքից ազատման արդյունքում առաջացած թափուր հաստիքների համալրում ժողովրդի հմուտ մասնագետներից:
6/. Երկրի տարեկան պետական բյուջեի կազմում՝ հիմնվելով Մենդելեեւի պարբերական աղյուսակի տրամաբանության հիմքի վրա:
7/. Կառավարության այնպիսի ծրագրի մշակում եւ կազմում, որտեղ պարտադիր ներառված կլինեն նաեւ վերը նշված 2-6 կետերի պահանջները:
8/. Բոլոր բնագավառներում իրավիճակի լրջագույն վերլուծությունների իրականացում եւ համապատասխան միջոցառումների ձեռնարկում:
9/. Սեփականաշնորհման ողջ գործընթացի մոնիտորինգ եւ համապատասխան միջոցառումների ձեռնարկում:
10/. 2000թ.-ից սկսած երկրում իրականացված թալանի եւ կոռուպցիոն գործընթացների բացահայտում ու դրանց վերաբերյալ համալիր միջոցառումների ձեռնարկում: Այս ցանկը շարունակելի է, սակայն սահմանափակվենք այսքանով, քանզի այս կետերի պահանջների նորմալ իրագործումն իսկ ահռելի դրական փոփոխություններ կբերի եւ երկիրն աղետալի վիճակից դուրս բերելու հուսադրող վիճակ կստեղծի:

10/.-րդ կետի վերաբերյալ փորձեմ ներկայացնել հետեւյալը. պետք է շտապ մշակել համակարգված հակակոռուպցիոն ծրագիր եւ ի հնարավորին արագ փորձել այն կյանքի կոչել: Ծրագրի ներդրումից հետո պետք է մշակել անհրաժեշտ քայլերի եւ միջոցառումների ժամանակացույցերը եւ դրանք դնել գործողության մեջ:

Իհարկե, այսօր էլ չհամակարգված՝ ցաքուցրիվ մեթոդներով ինչ-ինչ գողացված գումարներ վերականգնվում եւ ետ է բերվում բյուջե, սակայն նման մոտեցման պարագայում՝ նախ այդ գումարների շատ փոքր մասը կհայտնաբերվի ու դրանց ներարկումը բյուջե՝ չի կարող շունչ տալ տնտեսությանը, քանզի ամեն օր շատ-շատ ավելի մեծ գումար է դուրս հանվում երկրից, քան վերականգնվող՝ բյուջե մտնող գումարները:

Այլ խոսքով, դրանց տարբերությունն ակնհայտորեն ի վնաս երկրի է աշխատում: Եթե ուրիշ ոչ մի բան, ապա միայն այս հանգամանքը վկայում է այն մասին, որ էլ ժամանակ չկա եւ պետք է անհապաղ մշակվի ու կյանքի կոչվի հակակոռուպցիոն համակարգված ծրագիր, որը, ցավոք, այս պահին չկա:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
31.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829