Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում Վեհաժողովն ընդունեց զեկույց, որտեղ ներկայացված են 2019-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին մոնիտորինգի տակ գտնվող երկրներում կատարված մոնիտորինգային առաքելության արդյունքները: Փաստաթուղթը հիմնված է Միացյալ Թագավորությունը ներկայացնող պատվիրակ Ռոջեր Գեյլի (լուսանկարում) զեկույցի վրա:
Հայաստանը ևս մոնիտորինգի տակ գտնվող երկիր է, և այս զեկույցում մի շարք անդրադարձեր կան Հայաստանի հետ կապված:
Փաստաթղթի 2.2. կետում անդրադառնալով Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ ամրագրված է. «Խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն ընթացել է միջազգային չափանիշներին համապատասխան: Վեհաժողովը ողջունում է Հայաստանի պատրաստակամությունը պայքարել կոռուպցիայի դեմ և բարեփոխել արդարադատության համակարգը՝ նպատակ ունենալով հասնել դրա անկախությանը»:
Միևնույն ժամանակ 3.2. կետում Վեհաժողովը մտահոգություն է հայտնում արդարադատության ոլորտում եղած մարտահրավերների հետ կապված՝ մասնավորապես անկախության, անկողմնակալության հետ կապված, հայ հասարակության շրջանում շարունակվող անհանդուրժողականությունը և բացասական կարծրատիպերը կապված ԼԳԲՏ անձանց և այլ փոքրամասնությունների հանդեպ, որոշ խմբավորումների կողմից «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) դեմ խոչընդոտների ստեղծումը:
Կարդացեք նաև
Վեհաժողովը զեկույցի 4.2. կետով կոչ է անում ՀՀ իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները կատարելու համար: Մասնավորապես Հայաստանի իշխանություններին ԵԽԽՎ-ն կոչ է անում. «Հայաստանի իշխանությունները պետք է շարունակեն արդարադատության համակարգի բարեփոխումները`նպատակ ունենալով ամրապնդել դրա անկախությունը և անկողմնակալությունը՝ միաժամանակ զերծ մնալով ցանկացած գործողությունից, որը կարող է ընկալվել որպես ճնշում կամ միջամտություն դատական համակարգի աշխատանքներին: Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին շարունակել և ուժեղացնել կանանց, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի ու այլ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ