«Քաղաքականությունն անձամբ իմ կյանքում շատ քիչ տեղ է գրավում: Ես, պարզապես, հաճախակի ելույթ եմ ունենում զուտ այն պատճառով, որ այս երկրի քաղաքացի եմ եւ եթե ինձ դիմում են իմ կարծիքը իմանալու համար, ես չեմ կարող ոչ լռել, ոչ ստել: Համարում եմ, որ ոչ պետք է դուր գալ ինչ-որ մեկին, ոչ մեկի հետ կռվի մեջ չմտնել, ոչ մեկին չսիրաշահել, այլ պետք է, պարզապես, անկեղծ արտահայտել այն, ինչ զգում ես: Ինձ քաղաքականությունը շատ քիչ է հետաքրքրում, թե չէ ես կզբաղվեի քաղաքականությամբ, կփորձեի դառնալ պատգամավոր, առավել եւս որ շատ երկար ժամանակ տարբեր կուսակցություններից առաջարկություններ եղել են, որոնք մերժել եմ: Ես չեմ համարում, որ արվեստագետի համար դա հաճելի ոլորտ է: Թող ամեն մեկին զբաղվի իր գործով»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:
Գաղափարների պայքար տեսնել ցանկացող Ռուբեն Բաբայանը վարչապետ-ՍԴ նախագահ հակամարտության մասին Aravot.am-ի հարցին պատասխանեց. «Եթե կա կեղծիք, բարի եղեք, վերացրեք այդ կեղծիքը եւ դրանով սահմանափակվեք…Գալիս են քայլեր, որոնք շատ պարզունակ տպավորություն են թողնում: Բնակարանի խուզարկությունը: Մտածում ես՝ եթե մարդը հանցագործ է եւ գիտե, որ ինքը շատ մեծ ուշադրության տակ է, նա բնակարանում ինչ-որ բան կպահի՞, ո՞ւմ է դա պետք: Ես կարծում եմ, որ ավելորդ աղմուկ է, որը պատիվ չի բերում ոչ մեկին: Ոչ-ոք իրավունք չունի ուրիշին բարոյական պահանջներ ներկայացնել եւ ձեզ դրա համար չեն ընտրել: Երբ ասվում է ես լավն եմ՝ դու վատն ես, այդտեղ արդեն բանավեճ չկա»,-ասաց արվեստագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ