Հոկտեմբերի 27-ի գործով հայտնի Արթուր Այվազյանի՝ Մանախի եւ «Ելք» դաշինքի քարոզիչների միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով պաշտպանական կողմն այսօր միջնորդեց դեպքի վայրի զննություն կատարել, դատարանը բավարարեց: Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով՝ դեպքի զննության արձանագրությունը որակով արված չէր. «Շատ բաներ կային, որ պետք է պարզից էլ ավելի պարզ պատկերացնեինք»:
Դատարանն այսօր նաեւ գործը քննող քննիչին է հարցաքննել, փաստաբանի խոսքով՝ քննության հետ կապված, այդ թվում օբյեկտիվ քննության հետ կապված խնդիրներ կային, ըստ նրա՝ դատարանը քննիչին հարց տվեց՝ փամփուշտները ոնց են հայտնաբերվել, սակայն, պարոն Ալումյանի խոսքով՝ այդ հարցաքննությունը որեւէ հարցի մեջ պարզություն չմտցրեց:
Հիշեցնենք, որ Մանախին, որը 14 տարի անցկացրել էր կալանավայրում Հոկտեմբերի 27-ի գործով կարեւոր վկայի սպանության համար, այս անգամ էլ մեղադրանք է առաջադրվել Անդրանիկի փողոցում «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ ապօրինի ձեռք բերած ատրճանակ պահելու ու հասարակության նկատմամբ անթաքույց արհամարհանք դրսեւորելու համար: Ըստ մեղադրանքի, նա բռնությամբ զուգորդված խուլիգանություն է արել՝ Քր․ Օր-ի 258 հոդված, մաս երկրորդ, եւ ապօրինի զենք է կրել՝ 235 հոդված, մաս 1-ին։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ