Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞ր ընտանիքը կարող է համարվել երիտասարդ․ Գյումրին շուտով եզակի ու կարևոր փաստաթուղթ կունենա

Հունվար 31,2020 22:00

Շուտով Գյումրու ավագանու քննարկմանը կներկայացվի երիտասարդական քաղաքականության հայեցակարգի և ռազմավարության մասին փաստաթղթերը: Գյումրին կդառնա առաջին, այն եզակի քաղաքը, որի երիտասարդների իրավունքները կամրագրվեն փաստաթղթով։

Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել էր հանրային բաց լսում Գյումրու երիտասարդական քաղաքականության 2020-2029 թթ․ հայեցակարգի և 2020-2021 թթ․ ռազմավարության և գործողությունների ծրագրի հաստատման թեմայով։

Հիշեցնենք, որ փաթեթը կամավորական սկզբունքով մշակել է հանրապետության ամենաակտիվ երիտասարդական կազմակերպությունը՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի հետ համահեղինակությամբ։

Փաստաթղթի բովանդակությունը դեռ նոյեմբերին էր դրվել քննարկման, այն անցել էր բավական թեժ, կարելի է ասել աղմկոտ մթնոլորտում՝ մեծ թվով երիտասարդների մասնակցությամբ։

Քննարկումից հետո՝ մոտ երկու ամսվա ընթացքում քաղաքի երիտասարդներն ու առանձին կառույցներ հանդես են եկել տարբեր առաջարկներով, ընդհուպ մինչև Գյումրու երիտասարդների համար բացօթյա լողավազան ունենալու առաջարկ է ներկայացվել։

Հանրային քաղաքականության փորձագետ Աննա Եղոյանն ասաց, որ նոյեմբերի քննարկումից «կոսմետիկ» փոփոխություններ են արվել փաստաթղթում ու հանձնվել է քաղաքապետարանի, այսպես ասած, միանձնյա պատասխանատվությանը։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն էլ ասաց, որ առաջարկություն է հնչել Գյումրու երիտասարդական քաղաքականության 2020-2029 թթ․ հայեցակարգի գործողությունների տասնամյա ժամկետը վերանայել և գործողության ժամկետ սահմանել յոթ տարի, այսինքն՝ սահմանել 2020-2026 թթ․-ը՝ համապատասխանեցնելով Գյումրի համայնքի զարգացման հնգամյա գործող ծրագրին և հաջորդ հնգամյա ծրագրին։

Արթուր Նաջարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փաթեթում ներկայացվող առաջարկներից մեկն էլ վերաբերել է Գյումրիում երիտասարդ ընտանիքների տարիքային փոփոխությանը․ երիտասարդ ընտանիք պիտի համարել Գյումրիում մշտական և ժամանակավոր բնակություն հաստատած այն ընտանիքները, որտեղ ամուսինների տարիքային համագումարը չի գերազանցում 70-ը կամ երեխա ունեցող մինչև 35 տարեկան միայնակ երիտասարդ ծնողը։

«Սրա հիմքը կառավարության 2019 թվականի մարտի 7-ի որոշումն է, որի համաձայն երիտասարդ ընտանիքի տարիքային փոփոխություն է տեղի ունեցել»,- ասաց Արթուր Նաջարյանը։

Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, առաջարկվել է գործողությունների ծրագիրն իրականացնող պատասխանատու մարմին համարել Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը, որի աշխատակիցներից առնվազն մեկի պաշտոնի անձնագրում ամրագրվելու է երիտասարդության հարցերին առնչվող համայնքային ծառայողի պարտականությունները։

Առաջարկներից մեկն էլ այն է, որ 2021 թվականին ևս Գյումրիում կազմակերպվի երիտասարդության իրավիճակի ուսումնասիրություն-վերլուծություն։

Քննարկմանը մտահոգություն հնչեց, որ Գյումրու երիտասարդներին ամենահուզող խնդիրներից է գործազրկությունը․ 52 տոկոսը գործազուրկ է, պիտի փորձեն հստակ մեխանիզմներ մշակել այդ խնդրի լուծման ուղղությամբ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031