Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի դատարանում ավարտվել է Սամվել Բաբայանի հայցի քննությունը

Հունվար 31,2020 20:20

Արցախի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ավարտել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հայցի քննությունը: Վճռի հրապարակումը տեղի կունենա փետրվարի 11-ին՝ 10:30-ին: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Սամվել Բաբայանի շահերի պաշտպան, փաստաբան Արամ Ղլեչյանը: Հիշեցնենք, որ այս հայցով Սամվել Բաբայանը դատարանից պահանջում է դեռեւս 2006թ.-ին իրեն Արցախի հաշվառումից հանած վարչական ակտն անվավեր ճանաչել, այսինքն՝ վիճարկում է այդ ակտի իրավաչափությունը: Նախորդ նիստում Արամ Ղլեչյանը միջնորդել էր, որպեսզի զինկոմիսարիատը պարզաբանի, թե ինչու է Սամվել Բաբայանը հաշվառումից հանվել, եւ համապատասխան փաստաթուղթ ներկայացնի դատարանին: 2006թ.-ին Սամվել Բաբայանին հանել էին հաշվառումից՝ առանց իր իսկ գիտության:

Պաշտպանը նշեց, որ այսօր փաստաթուղթը ներկայացվել էր. «Ոչինչ չասող էր: Դրանում նշված էր, որ ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվելուց հետո Սամվել Բաբայանը չի հաշվառվել զինկոմիսարիատում: Սա անլուրջ բովանդակությամբ պատասխան էր»: Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում սպասվում են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Որպես թեկնածու հանդես գալու համար Բաբայանը դատական կարգով պետք է վերականգնի իր քաղաքացիությունը:

2019թ.-ին Սամվել Բաբայանը հայտարարել էր 2020թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, սակայն, ինչպես Բաբայանի գրասենյակի հայտարարությունում է նշվել, Արցախի իշխանությունները ապօրինի կերպով նրան հանել էին պետռեգիստրից. «Այս հանգամանքը արհեստական խոչընդոտ հանդիսացավ նրա` նախագահական ընտրություններին մասնակցության համար, քանի որ վերջին 10 տարում Արցախում մշտաբնակության ցենզը նախապայման է բոլոր թեկնածուների համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Այսօր կայացած դատական նիստի լուսանկարները՝ Սամվել Բաբայանի գրասենյակի մամուլի ծառայության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031