Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողվի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացում հունվարի 31-ին ընդունվեց գերմանացի պատվիրակ Ֆրիտյոֆ Շմիդի հեղինակած զեկույցը՝ ապատեղեկատվության՝ ժողովրդավարական համակարգերի վրա ունեցած բացասական ազդեցության մասին:
Զեկույցում վերլուծվում է այն, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ապատեղեկատվությունը, հատկապես, երբ այն տարածվում է համացանցով և սոցիալական մեդիայով, ինչ ազդեցություն կարող է ունենալ ժողովրդավարական համակարգերի վրա:
Զեկույցում նշվում է համացանցի բովանդակության և ճարտարապետության բարելավման մասին, եվրոպական ժողովրդավարական համակարգերի և հասարակությունների կայունության ապահովման, ապատեղեկատվության բացահայտման, որակյալ լրագրության ոլորտում ներդրումներ կատարելու, խոսքի ազատության, մեդիայի և քաղաքականության ոլորտում բազմակարծության ապահովման մասին՝ հատկապես ընտրությունների լուսաբանման ժամանակահատվածում:
Զեկույցում խոսվում է ապատեղեկատվության մարտահրավերների մասին, ԵԽ անդամ երկրներին կոչ է արվում մշակել մի շարք ռազմավարություններ, մասնավորապես `սոցիալական մեդիայում եղած տվյալների վրա հիմնված ընտրապայքարի և ընտրություններում անձնական տվյալների օգտագործման, թվային և մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման, փաստերի ստուգման նախաձեռնությունների վերաբերյալ:
Կարդացեք նաև
Ելույթների ընթացքում պատվիրակները մտահոգություն հայտնեցին ատելության խոսքի տարածման և համացանցային տիրույթում ապատեղեկատվության տարածման վերաբերյալ:
ԵԽԽՎ-ն մտահոգություն հայտնեց ապատեղեկատվական արշավների տարածման վերաբերյալ, որոնք ուղղված են հասարակական կարծիքի ձևավորմանը, մանիպուլյացիոն միտումների, ատելության խոսքի տարածման վերաբերյալ համացանցում և սոցիալական մեդիայում:
Վեհաժողովը կարևորեց «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի արդիականությունն ու դրա սկզբունքներին համապատասխան գործունեության ծավալումը: Վեհաժողովի ընդունած բանաձևում անդամ երկրներին ներկայացված են մի շարք պահանջներ՝ օրինակ՝ բարձր մակարդակի թափանցիկություն առցանց տիրույթում քաղաքական գովազդի հարցում և համացանցի հատուկ կարգավորումներ հատկապես ընտրությունների ընթացքում:
Հավելենք, որ Վեհաժողովն իր աջակցությունը հայտնեց Վենետիկի հանձնաժողովին՝ պատրաստել ընտրությունների ժամանակահատվածում թվային տեխնոլոգիաների օգտագործման սկզբունքների ցուցակ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ