Այս տարվա հունվարի 24-ին քրեական վերաքննիչ դատարանը որոշեց ցմահ դատապարտված Աշոտ Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակել պատժի կրման ընթացքում դրական վարքագիծ դրսեւորելու հիմքով: Սա անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ նմանատիպ դեպքն է:
Այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, որն ավելի վաղ հայտարարել էր, թե մինչեւ իշխանափոխությունը Հայաստանի քաղաքական իշխանությունները այս հարցում դրական տեղաշարժի շուրջ հստակ բացասական քաղաքական որոշում ունեին, հաստատեց, որ ինքը որոշակի տեղեկություն ուներ այդ մասին: «Նախորդ իշխանության ժամանակ միակ դեպքը, որը պայմանականորեն կարելի է վաղաժամկետ ազատում կոչել, եղել է Սողոմոն Քոչարյանի նկատմամբ: Բայց ես համոզված եմ՝ իրականում պատճառն այն էր, որ Սողոմոն Քոչարյանը մահվան շեմին էր եւ, փաստորեն, հիվանդության պատճառով ազատվելը իմ համոզմամբ որեւէ բան չէր նշանակում: Իշխանափոխությունից հետո հույսեր առաջացան, որ ինչ-որ իմաստով, այն բոլոր հարցերը, որ բարձրացվել էին նրանց կողմից, կվերհանվեն եւ օրենսդրական հարցերն ու վաղաժամկետ ազատման մեխանիզմը կսկսեն գործել: Ինչ-որ առաջընթաց կա»,-ասաց Ավետիք Իշխանյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ օրենսդրական թերություններ կան եւ ինքը կոնկրետ հարցեր ունի այսօրվա իշխանություններին:
Ազատ արձակված Աշոտ Մանուկյանի պաշտպան Նարեկ Ալոյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայության եւ ՔԿ հիմնարկի եզրակացությունների միջեւ եղած որոշակի հակասություններին, ասաց. «Կարծիքների տարբերությունն իմ պատկերացումով նոր ձեւավորված իշխանությունում որոշ դեպքերում առկա գերատեսչական եւ միջգերատեսչական համերաշխության բացակայությունն է»: Ռիսկայնության գնահատման հետ կապված տարակարծությունը Նարեկ Ալոյանը բացատրում է հանցավորության դեմ պայքարի արդյունավետության պայմանական չորս փուլերից յուրաքանչյուրում առկա խնդիրներով:
Փաստաբան Զարուհի Մեժլումյանը Աշոտ Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատելը համարում է կարեւոր ձեռքբերում: Սակայն նա, ինչպես Ավետիք Իշխանյանը, տուժողի իրավահաջորդների ներողամտությանն ապավինելը այնպես, ինչպես արվում է մեր երկրում, ճիշտ չի համարում: «Իրավական զարգացած երկրներում պետությունը 15 տարի անց իրավական մեդիացիայի գործընթաց է սկսում, որն իրականացնում են պրոբացիոն ծառայությունները: Դա յուրօրինակ հաշտեցման գործընթաց է: Այսինքն, պայմանական վաղաժամկետի իրավունքի իրացումից հինգ տարի առաջ սկսում են աշխատել տուժողների իրավահաջորդների հետ, այլ ոչ թե մեր նման դատարանը իրազեկում է ուղարկում այն մասին, թե այս մարդը պատրաստվում է ազատ արձակվել՝ եկեք դատարան: Պատկերացնո՞ւմ եք, թե այդ ընտանիքներին ինչ շոկի են ենթարկում: Մարդիկ 20 տարի անց նորից վերհիշում են, գալիս դատարան ու վերապրում անցածը: Այստեղ տուժում են թե դատապարտյալը, թե տուժողի իրավահաջորդի ընտանիքները: Տուժողները պետք է լինեն լսելի, բայց դա դոմինանտ չպետք է լինի»,- համոզված է տիկին Մեժլումյանը
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ