Այսօր տեղի է ունեցել շրջակա միջավայրի նախարարության և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ վերանորոգված և վերազինված «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի (ՇՄՄՏԿ) լաբորատորիայի բացման արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, Հայաստանում Ֆրանսիայի փոխդեսպան Քլեր Լը Ֆլեշեն, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Միքայելա Ստոյկոսկան, ԵՄՋՆ+ ծրագրի ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի ղեկավար Ալեքսանդր Ցինկեն, «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աֆանասի Լազարևը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հրավիրյալ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից և արտերկրից։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության գործընկերներին՝ նշելով․ «Գոհունակությունս եմ հայտնում «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի (ՇՄՄՏԿ) լաբորատորիայի բացման կապակցությամբ, քանի որ լաբորատորիան մեր որոշումների կայացման գործընթացի հիմնական բաղադրիչներից է։ Վերազինված լաբորատորիան հնարավորություն կընձեռի՝ հատկապես ջրերի մոնիթորինգի առումով զգալի առաջընթաց գրանցել։ Կենտրոնի գործունեության արդյունքում առաջիկայում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստանալ հավաստի տեղեկություններ իր բնակավայրի օդի, ջրի, շրջակա միջավայրի այլ բաղադրիչների վերաբերյալ՝ իրական ժամանակահատվածում»։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին, նշելով, որ սա կատարյալ համագործակցության մի օրինակ է, երբ ՀՀ կառավարությունը, ԵՄՋՆ+ ծրագրի ԵՄ անդամ երկրներն ու Եվրոպական միության գործընկերները համատեղ ջանքեր են ներդնում՝ քաղաքացիների պահանջմունքները որակյալ բավարարելու համար։
Կարդացեք նաև
Ելույթ է ունեցավ նաև Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտը։ Նա մասնավորապես նշել է, որ բազմակողմանի համագործակցության արդյունքում Ավստրիան, Ֆրանսիան և մյուս գործընկերներն իրենց ներդրումն են բերել Հայաստանի համար կարևոր ու կենսական խնդրի՝ շրջակա միջավայրին վերաբերող ճշգրիտ տեղեկությունների տրամադրման գործընթացի կարգավորման գործում։
2017թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ ՇՄՄՏԿ-ի լաբորատորիայի համար հատկացվել էր 539 մ2 ընդհանուր մակերեսով տարածք: Տարածքի վերանորոգման նպատակով ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման սկզբունքով տրամադրվել էր 73 միլիոն դրամ (շուրջ 140 հազար եվրո):
Եվրոպական միության կողմից տրամադրված շուրջ 400․000 եվրոն ուղղվել է տարածքի վերանորոգման, տեխնիկական վերազինմանն ու լաբորատորիայի անձնակազմի վերապատրաստմանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանն էլ ավելի է մոտեցել միջազգային լաբորատոր ստանդարտներին, ինչը հնարավորություն կընձեռի կառավարությանն ամբողջությամբ հիմնվել շրջակա միջավայրի մոնիթորինգի լաբորատորիայի աշխատակիցների տեխնիկական փորձառության և փորձազննումների տվյալների հավաստիության վրա:
Բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներից հետո շրջակա միջավայրի նախարար Է․ Գրիգորյանը պաշտոնապես բացել է վերանորոգված լաբորատորիան, հյուրերի հետ շրջել տարածքով՝ ծանոթանալով լաբորատորիայի հնարավորթյուններին: Միջոցառման ընթացքում Սևանի և Հրազդանի ջրավազանների դպրոցականները ներկայացրել են 2019 թ. ջրի որակի հետազոտական աշխատանքների արդյունքները:
Շրջակա միջավայրի նախարարություն