ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստում այսօր դատարանն անցավ իրեղեն ապացույցների հետազոտմանը: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանի որդիներից Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի, ապօրինի հրազեն ձեռք բերելու-պահելու համար:
Ըստ քրեական գործի նյութերի՝ դեպքը տեղի է ունեցել 2007թ.-ին՝ Սարգսյանների տան նկուղում: 11 տարի անց Դավիթ Սիմոնյանն իրավապահներին հայտնել է, որ իրեն իրականում փորձել են սպանել (այն ժամանակ գործը կարճվել էր, որովհետեւ դեպքի վայրում եղած Արթուր Ղեւոնդյանն ասել էր, թե ինքն է անզգուշաբար կրակել Սիմոնյանի վրա), եւ դա եղել է Հայկ Սարգսյանը: Դատարան էր բերվել իրեղեն ապացույց ճանաչված ատրճանակը: Դատավոր Աննա Դանիբեկյանի առաջարկությամբ՝ կողմերը դիտարկեցին դրա փաթեթի ամբողջականությունը:
Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց. «Թե ինչ փաթեթեի մեջ է հիմա ատրճանակը, ընդհանրապես նշանակություն չունի: Եթե սա այդ ատրճանակն է, դրա փաթեթը չկա: Սա ինչ-որ անձից են առգրավել, քննիչն էլ փաթեթավորել է եւ ուղարկել դատարան: Դեռ այն ժամանակ չպետք է խախտվեր փաթեթավորումը: Միջնորդություն կներկայացնեմ, որպեսզի այս ապացույցն անթույլատրելի ճանաչվի, քանի որ հիմա հնարավոր չէ պարզել՝ այն պիտանի՞ է կրակման համար, թե ոչ»:
Մեղադրող դատախազ Ա. Առաքելյանն առարկեց. «Այս ատրճանակը դեռեւս 2007թ.-ի նախաքննության ընթացքում ուղարկվել է փորձաքննության: Այն ունի անհատականացնող համար, որը փոփոխված չէ: Հաստատված է, որ այն հանձնվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, որտեղից ոստիկանապետի հրամանով այդ ատրճանակով պարգեւատրվել է Աշոտ Կնյազի Գնդոյանը: Ատրճանակն առգրավվել է Աշոտ Գնդոյանից: Այսինքն, սրանով հաստատվում է, որ սա այն նույն ատրճանակն է, որով Հայկ Սարգսյանը մարմնական վնասվածք է պատճառել տուժող Դավիթ Սիմոնյանին»:
Կարդացեք նաև
Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 20-ին՝ 15 00-ին:
Լրագրողների հետ զրույցում Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչպես է Հայկ Սարգսյանին ենթադրաբար պատկանած ատրճանակը հետագայում Ոստիկանության կողմից հանձնվել ոմն Աշոտ Գնդոյանի. «Քանի որ սահմանված ժամկետ կա, որն անցել է, քրեական գործն էլ՝ կարճվել, նորմեր կան: Եթե իրը պահպանելու պահանջ չկա, այն իրավունք ունեն օգտագործել պետության կարիքների համար կամ որեւէ մեկին նվիրել: Կարեւոր չէ, թե երբ է նվիրվել: Կարեւոր է, որ ատրճանակը փորձաքրեագիտական հիմնարկում չի գտնվել կնիքված-փաթեթավորված վիճակում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ