Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի այն հայտարարության վերաբերյալ, որ հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան եւ մասնավորապես ռուսական ալիքների հեռարձակումը վտանգ է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը:
«Մենք ուշադրություն ենք դարձրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Հակոբյանի դիրքորոշման վրա առ այն, որ հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան հեռուստաալիքների հեռարձակումը, որոնց թվին նա դասում է նաև ռուսականները, սպառնալիք են ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը: Հակոբյանի մեկնաբանությունից զարմանքով իմացանք նաև, որ այդ մոտեցման հետ համաձայն է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանը:
Կցանկանայինք հիշեցնել, որ դեսպանի և Հակոբյանի միջև միակ հանդիպմանը, որը բավականին վաղուց է տեղի ունեցել, նրա կողմից մտադրություններ են հնչել ստեղծել «նվազագույն սոցիալական փաթեթ»՝ առանց արտասահմանյան հեռարձակողների, ինչը ընդունվել է ի գիտություն: Ընդ որում, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների շահերը, որոնք կազմում են ռուսական ալիքների մշտական լսարանը:
Ընդհանուր առմամբ, մեր ռազմավարական հարաբերությունների միութենական, եղբայրական բնույթի մասին Հայաստանի ղեկավարության հայտարարությունների ֆոնին ռուսական հեռուստաալիքների՝ «ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսանալու» մասին թեզը տարակուսանք է առաջացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ