Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի եղբորորդու պաշտպան. «Ապացույցների համակցությունը չի հաստատում, որ նա Սիմոնյանին սպանելու դիտավորություն է ունեցել»

Հունվար 31,2020 16:56

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստում այսօր շարունակվեց ապացույցների հետազոտումը: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանի որդիներից Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի, ապօրինի հրազեն ձեռք բերելու-պահելու համար: Ըստ քրեական գործի նյութերի՝ դեպքը տեղի է ունեցել 2007թ.-ին՝ Սարգսյանների տան նկուղում: 11 տարի անց Դավիթ Սիմոնյանն իրավապահներին հայտնել է, որ իրեն իրականում փորձել են սպանել (այն ժամանակ գործը կարճվել էր, որովհետեւ դեպքի վայրում եղած Արթուր Ղեւոնդյանն ասել էր, թե ինքն է անզգուշաբար կրակել Սիմոնյանի վրա), եւ դա եղել է Հայկ Սարգսյանը:

Մեջբերելով նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին ներկայացրած եւ մերժված իր միջնորդությունները՝ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այդ թվում վկայակոչեց միջնորդությունը, որով առաջարկվում էր Հայկ Սարգսյանի մեղադրանքը վերաորակել՝ մեղադրանք առաջադրելով անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար: «Միջնորդել էինք մեղադրական եզրակացության նկարագրական-պատճառաբանական մասում ներառել նաեւ Հայկ Սարգսյանին արդարացնող ապացույցները, ինչը եւս մերժվել է: Քրեական դատավարության օրենսգիրքը քննիչին պարտադրում է, որպեսզի նա ներառի ոչ միայն մեղադրական ապացույցները, այլեւ արդարացնող ապացույցները: Բայց մեղադրական եզրակացությունում չկան անգամ փորձաքննությունների եզրակացությունները: Վարույթն իրականացնող մարմինը տեսել է, որ դրանք ակնհայտորեն արդարացնում են Հայկ Սարգսյանին, օրինակ՝ դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, դատաձգաբանական-դատահետքաբանական եզրակացությունը: Այս ամենը վարույթն իրականացնող մարմինը «չտենալու» է տվել եւ չի ներառել, որպեսզի դատարանում դրանք հաշվի չառնվեն: Գործում առկա է ապացույց, բայց իրենք չեն ուզում դա տեսնել: Ակնհայտ կանխակալ վերաբերմունք է՝ մեղադրական թեքումով»,-համոզմունք հայտնեց Երեմ Սարգսյանը:

Այս գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Ա. Առաքելյանը պարզաբանեց, թե ինչու է նշյալ միջնորդությունը մերժվել. «Դրանում ասվում է, թե Հայկ եւ Նարեկ Սարգսյաններն իբրեւ թե հարցաքննվել են նախաքննության ընթացքում: Նախաքննության եւ դատաքննության ընթացքում հաստատվել է, որ քննիչը չի հարցաքննել Հայկ եւ Նարեկ Սարգսյաններին, հետեւաբար՝ նման արձանագրություններ ներկայացնելու մասին խոսք լինել չի կարող: Այս դեպքում պաշտպանական կողմն ուղղակի օգտվում է այն հանգամանքից, որ գործի նյութերը վերացված են եղել, եւ փորձում է քրեական հետապնդումը բացառող հանգամանք ի հայտ բերել: Սակայն 2007թ.-ին իրականացված նախաքննության եւ դատաքննության ժամանակ հաստատվել է, որ Հայկ Սարգսյանը չի հարցաքննվել»:

Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանի մեղադրանքը վերաորակելու վերաբերյալ նախաքննության ընթացքում նրա պաշտպանի առաջադրած միջնորդության մերժմանը, դատախազ Առաքելյանը նկատեց. «Կարծում եմ՝ սա խոսում է այն մասին, որ պաշտպանը եւս համոզված է՝ գործով առկա ապացույցները հաստատում են՝ Դավիթ Սիմոնյանին մարմնական վնասվածքը պատճառել է Հայկ Սարգսյանը»:

Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հակադարձեց դատախազի այս հայտարարությանը. «Մեղադրողը չի դադարում զարմացնել իր մեղադրական ճառերով, ապացույցներից չբխող փաստերով, ենթադրություններով: Պետությունը չի կարող ջայլամի քաղաքականություն վարել՝ անձին դատապարտելու եւ արդարադատություն իրականացնելու գործում: Չի կարելի ակնհայտ փաստերը չտեսնել: Չզլանամ եւ հիշեցնեմ միջնորդությունս: Ասել եմ՝ եթե անգամ մի պահ պայմանականորեն ընդունենք, որ բոլոր ապացույցները թույլատրեի են, եւ դրանցով հաստատվել է, որ Հայկ Սարգսյանն է կրակել Դավիթ Սիմոնյանի ուղղությամբ, ապա ապացույցների համակցությունը վկայում է այն մասին, որ Հայկ Սարգսյանին առավելագույնը կարող էր մեղադրանք առաջադրվել՝ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար: Ակնհայտ է, որ քրեական գործում չկա ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը կհաստատեր, որ Հայկ Սարգսյանը Դավիթ Սիմոնյանին սպանելու ուղղակի դիտավորություն է ունեցել: Անգամ եթե դուք ճիշտ եք, ապա որակումը՝ «սպանության փորձ», սխալ է տրվել: Իսկ ինչո՞ւ եք այդ որակումը տվել, որպեսզի վաղեմության հոդվածը չխախտվի: Պետք է նման ծանր մեղադրանք առաջադրեիք, որպեսզի վաղեմության հոդվածը տարածվեր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031