Իսրայելը չի կարող հաղթել հակասեմիտիզմի դեմ պայքարում, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսրայելական առաջատար «Երուսաղեմ փոստ» պարբերականին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
Հայաստանի նախագահը, որն անցյալ շաբաթվա ընթացքում գտնվում էր Իսրայելում՝ մասնակցելու Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը նշանավորող՝ Հոլոքոստի հիշատակի 5-րդ միջազգային ֆորումին, ասել է, որ հայ ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի է՝ ո՞րն է Օսմանյան կառավարության կողմից իրականացված՝ 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների զանգվածային սպանությունները Իսրայելի կողմից պաշտոնապես չճանաչելու տրամաբանությունը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ավելի քան 30 երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, որը համապատասխան բանաձև ընդունեց 2019 թվականի հոկտեմբերին: Սակայն Իսրայելը ընդդիմանում է այդ ոճրագործությունը պաշտոնապես «ցեղասպանություն» անվանել:
«Շատ հայեր հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ Իսրայելը, որի ժողովուրդը ևս նման մեծ ողբերգություն է տեսել, չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը,- ասել է նախագահ Սարգսյանը: -Այս հարցին տրամաբանական պատասխան չկա: Ես չեմ կարող ասել, որ պատճառը Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններ են»: Սակայն նա ընդունել է, որ 1949 թվականի մարտին ձևավորված իսրայելա-թուրքական հարաբերությունները, հավանաբար, կատալիզատոր են Իսրայելի լռության համար:
Կարդացեք նաև
«Իսրայելը հարաբերություններ ունի Թուրքիայի հետ,- ասել է Հայաստանի նախագահը: -Այսօր այդ հարաբերությունները կարող են լինել լավ, վաղը կարող են վատանալ, և այդպես շարունակ, սակայն ճշմարտությունը մնալու է ճշմարտություն»:
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ մարդկային ողբերգությունը ճանաչելը բացառապես բարոյականության հարց է, ուստի ինքը կարող է միայն հուսալ, որ մի օր Իսրայելը կճանաչի Ցեղասպանությունը, և «մարդկային, բարոյական արժեքներն ու պատմության կարևորությունը կհաղթեն»: «Ճանաչումը չպետք է կապված լինի Իսրայելի Պետության այս կամ այն շահի կամ մեկ այլ բանի հետ, որը կարևոր է միայն այդ պահին»,- ասել է Հայաստանի նախագահը:
Նա նաև կարծում է, եթե Իսրայելը շարունակի կարեկից չլինել Հայաստանին՝ իրենց միանման ողբերգություններին, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը, դա ինքնին վնասում է հենց Իսրայելի և հրեա ժողովրդին՝ ջանքերին ընդդեմ համաճարակի նման ահագնացող հակասեմիտիզմի:
Նա նաև հավատացած է, որ Իսրայելի չկամությունը կանգնել Հայաստանի կողքին այս երկու բաղդատելի ողբերգությունների՝ Հոլոքոստի և Հայոց Ցեղասպանության հարցում, վնասում է Իսրայելի և հրեա ժողովրդի ջանքերին համաճարակի պես տարածվող հակասեմիտիզմի դեմ նրանց պայքարում: «Տեղի ունեցածի բոլոր պատճառները դեռևս վերացած չեն, -պարբերականին ասել է Հայաստանի նախագահը՝ անդրադառնալով և՛ Հոլոքոստին, և՛ Հայոց ցեղասպանությանը: -Հակասեմիտիզմը դեռևս առկա է: Ծայրահեղ ազգայնականությունը գործում է աշխարհի բոլոր անկյուններում…Դրանք բոլորը կարող են վերադառնալ»:
Նախագահի խոսքով՝ մարդկությունը միտում ունի մոռանալ պատմության դասերը՝ ի շահ ներկայի հարմարավետության: Նախագահ Սարգսյանը կարծում է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել, քանի որ դա «անհարմարություններ է ստեղծելու իր համար. միլիոնավոր մարդիկ զրկվել են կյանքից, մշակույթ է ոչնչացվել: Թուրքիան, հավանաբար, վախենում է և՛ նյութական, և՛ բարոյական պահանջներից»: «Միգուցե, նրանք վախենում են, քանի որ տարիներ շարունակ ճշմարտությունը չեն ասել իրենց երեխաներին և թոռներին դպրոցներում,- շարունակել է նախագահը: -Ինձ համար անձնապես նշանակություն չունի՝ այս կամ այն երկիրը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: Դա չի փոխելու ոչ իմ, և ոչ էլ այն միլիոնավոր հայերի կյանքը, որոնք զրկվել էին իրենց օջախներից և սփռվել ողջ աշխարհով մեկ: Սակայն, չճանաչելը կարող է հակառակ ազդեցություն ունենալ»:
Նախագահի խոսքով՝ այս կամ այն երկրի կողմից ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը խոսում է այն մասին, թե որքանով արդյո՞ք տվյալ երկիրը կարող է կառուցել հանդուրժող հասարակություն. «Ցեղասպանությունը չճանաչող երկիրն այն երկիրն է, որն ի վերջո անհանդուրժող է լինելու այլոց կրոնի, ազգության, հավատքի և մշակույթի հանդեպ»:
«Մարդկության մեծագույն հիվանդությունն այսօր Չինաստանում հայտնաբերված վիրուսը չէ,-ասել է նախագահ Սարգսյանը: -Այն ՁԻԱՀ-ը կամ քաղցկեղը չէ: Նորագույն տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մենք ավելի ու ավելի լավ ենք սովորում, թե ինչպես պայքարել քաղցկեղի դեմ կամ հաղթել վիրուսներին, -ասել է նախագահ Սարգսյանը: -Սակայն տեխնոլոգիաները չեն կարող մեզ սովորեցնել՝ ինչպես բուժել անգթության ախտը»:
«Չկա որևէ դեղամիջոց, որը հնարավոր է ընդունել և դառնալ ավելի մարդկային ու ավելի հանդուրժող: Սա շատ ավելի խնդրահարույց թեմա է»,-նշել է նախագահը: Նա ասել է, որ երբ Իսրայելը ճանաչի ցեղասպանությունը, միայն այդ պահից իրապես կկարողանա ստանձնել աշխարհում հակասեմականության և ծայրահեղականության դեմ պայքարի առաջամարտիկի իր արդարացի դերը:
«Իսրայելի դեպքն ավելի մեծ հնչեղություն կունենա, երբ այդ երկիրը լինի Հայաստանի, Ռուանդայի և Կամբոջայի գործընկերը, -նշել է նախագահ Սարգսյանը: -Այդ ժամանակ, մենք կարող ենք համախմբվել և ասել. «Բավական է»: Եթե մենք դա չենք անում համախմբված ձևով, այլ յուրաքանչյուրն իր սեփական խաղն է առաջ տանում, ապա մենք տանուլ ենք տալու մարտը»:
Արմեն Սարգսյանն ասել է, որ մասնակցում է Հոլոքոստի հիշատակի համաշխարհային ֆորումին, քանի որ չի կարծում, որ «յուրաքանչյուր հայի համար ճիշտ կլիներ Հոլոքոստի ողբերգության հիշատակը կապել այն հանգամանքի հետ», թե Իսրայելի խորհրդարանը ճանաչո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: «Բացառվում է, որ ես, որպես Հայաստանի նախագահ, երբևէ պետք է մտածեի այստեղ չլինելու մասին»,- ասել է նախագահը:
Անդրադառնալով լրագրողի այս հարցին, թե Հայաստանը երկակի չափանիշներ է կիրառում Միավորված ազգերի կազմակերպությունում դեմ քվեարկելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության առնչվող շատ բանաձևերի՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հայկական պետությունը պետք է մտածի հայ ժողովրդի կյանքը պաշտպանելու մասին, հրեական պետությունը պետք է մտածի հրեաների կյանքը պաշտպանելու մասին: Ե՛վ հայերը, և՛ հրեաները մարդկային արարածներ են, սակայն քաղաքականությունն է շատ բաներ որոշում»:
«Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է: Այն ունի 4 հարևան՝ Թուրքիան, որի հետ մեր հարաբերությունները հայտնի են ձեզ, Ադրբեջանը, որի հետ մեր հարաբերությունների մասին դուք նույնպես տեղյակ եք, -շարունակել է նախագահը: -Հայաստանն աշխարհի հետ հաղորդակցվելու միայն երկու ճանապարհ ունի՝ մեկը Վրաստանի միջոցով է, մյուսը՝ Իրանի: Ես այստեղ կանգ կառնեմ»:
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ մինչ տարբերությունների շուրջ համաձայնության գալը՝ երկու երկրները կկարողանան նախանշել այն ոլորտները, որտեղ ընդհանուր հետաքրքրություններ ունեն: Հայաստանի նախագահը Հոլոքոստի ֆորումից հետո հանդիպումներ է ունեցել Իսրայելի առաջատար համալսարաններում ու Իսրայելի նորարարությունների կենտրոնում և նշել է, որ համագործակցության ծրագրեր կան արհեստական բանականության ոլորտում:
Նա նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների աճ կլինի: «Երբ Իսրայելի քաղաքացիներն ավելի շատ այցելեն Հայաստան և ծանոթանան մեր երկրի պատմությանն ու մշակույթին, մեր գեղեցիկ բնաշխարհին ու հիանալի սննդին, երբ ավելի շատ հայեր այցելեն Իսրայել ու այստեղ անցկացնեն իրենց արձակուրդը, այդ ժամանակ աշխարհն ավելի լավը կդառնա»,- եզրափակել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ