Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Մելոյան. Նախագծերի փաթեթը հերթական վատ մշակված սխեման է՝ ուղղված Սահմանադրական դատարանի դեմ իշխող ուժի կողմից ստեղծված արհեստական ճգնաժամի լուծմանը

Հունվար 31,2020 16:29

Իրավական անարխիա. դեպի ավտորիտար կառավարման համակարգ թևակոխման հիմքերն արդեն նշմարելի են …

Երեկ՝ սույն թվականի հունվարի 30–ին, Ազգային ժողովի կայքէջում տեղադրվել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի նախաձեռնությամբ ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից նախագծերը:

Ինչ են փորձում անել:

Նախագծերի փաթեթը հերթական վատ մշակված սխեման է՝ ուղղված Սահմանադրական դատարանի դեմ իշխող ուժի կողմից ստեղծված արհեստական ճգնաժամի լուծմանը:

Այսպես՝ ներկայիս իրավակարգավորումների համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի դրական դիրքորոշումը:

Նախագծերով վերացվում է սահմանադրական օրենքներով սահմանված այս պարտադիր պահանջը և հնարավորություն է ստեղծվում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պարագայում շրջանցել Սահմանադրական դատարանը:

Բացի այն, որ նախագծերով հասկանալի պատճառներով հիմքեր են փորձում ստեղծել Սահմանադրական դատարանի դրական որոշումը ստանալու իմպերատիվ պահանջը վերացնելու, նաև վերացնում են ընդունված սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահի ստորագրմանն ուղարկելու պահանջը:

Այսինքն՝ ակնհայտորեն վերացվում են իրավական և ժողովրդավարական պետության համար կարևորագույն հենասյուները՝ իրավունքի գերակայության, իշխանությունների զսպման և հավասարակշռման, օրինականության սկզբունքները:

Բնականաբար, վերոնշյալ պահանջները պատահական սահմանված չեն եղել Սահմանադրությամբ և սահմանադրական օրենքներով:

Դրանք մի սահմանադրական մարմնի կողմից կամայականությունների իրականացումը զսպող և հակակշռող մեխանիզմներ են, այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների առանցքային նշանակությունը հաշվի առնելով՝ այդ պրոցեսի իրականացմանը ներգրավված են երեք սահմանադրական մարմիններ:

Ձեռքի հետ էլ, հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ լուծում են Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության կարգում իրենց համար հնարավոր այլ խնդիր՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածում սահմանելով, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է ոչ թե Ազգային ժողովի առաջիկա ՀԵՐԹԱԿԱՆ նիստերում, այլ առաջիկա նիստերում:

Ամեն դեպքում՝ նախագծերը հակասահմանադրական են, քանի որ Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Հետևաբար՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքից այս կարգի վերացումն ակնհայտ հակասում է Սահմանադրության պահանջներին և օրենսդրական բաց է ստեղծվում:

Միաժամանակ, Սահմանադրության 169-րդ հոդվածն էլ իր հերթին սահմանում է, որ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով: Ինչը ևս ակնհայտ իմպերատիվ կարգավորում է:

Ավելին՝ ստեղծվելիք իրավիճակի աբսուրդայնությունից ելնելով՝ կարող եմ ինձ թույլ տալ լրացուցիչ եզրահանգումներ կատարել:

Ենթադրաբար իշխող ուժի դեմ կանգնած Սահմանադրական դատարանի օրհասական խնդիրը լուծելու հնարավոր տարբերակներից է լինելու Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխությունների իրականացումը, համաձայն որի՝ 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո կարգավորվում էր Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարման հարցը:

Բնականաբար, այս հոդվածը հանդիսանում է անցումային դրույթ և նախատեսված է մեկանգամյա կիրառման և Սահմանադրության հիմանական դրույթների գործողության հարցերի կանոնակարգման համար և իրավամեկնաբանման կամ իրավական տեխնիկայի կանոններով ենթակա չէ փոփոխության:

Գոհար ՄԵԼՈՅԱՆ

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031