Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղարաբաղին հաշտեցնում են գնալով ավելի ինտենսիվորեն. «Կոմերսանտ»

Հունվար 31,2020 17:14

Ժնևում ավարտվեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկօրյա բանակցությունները: Այդքան երկարատև աշխատանքի արդյունքը դարձավ ընդհանուր հայտարարությունը, որից ամեն ինչ ակնհայտ է. չնայած բազային խնդիրներն այդպես էլ չեն լուծվել, կողմերը պատրաստվում են շարունակել 2019թ-ին սկսված «մանր քայլերը»: Առաջին հերթին խոսքը լրագրողների և հասարակական գործիչների փոխադարձ այցերի մասին է: Ընդ որում, Բաքուն ու Երևանը ցանկանում են պահպանել նախորդ տարվա տեմպը, երբ արտգործնախարարները հանդիպեցին 5 անգամ, ժնևյան հանդիպումն իր էջերում այսպես է վերլուծել ռուսական «Կոմերսանտ» թերթը:

2020թ. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը անսովոր երկար էր: Այն շարունակվեց հունվարի 28-ին ավելի քան 7 ժամ, իսկ հետո ևս 4 ժամ՝ հունվարի 30-ին: Բայց դա դեռ ամենը չէ. հիմնական բանակցությունների նախօրեին նախարարներից յուրաքանչյուրը հանդիպել էր կարգավորման միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Դա ռեկորդային անվանել չի կարելի. Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև պատմության ընթացքում ավելի երկար բանակցություններ էլ են եղել: Սակայն Բաքուն դրանք անվանեց «վերջին տարիներին ամենաինտենսիվը»:

Ընդ որում, որևէ արտահոսք, թե ինչի մասին են խոսել նախարարները, չի եղել հենց հանդիպման սկզբից:

Չնայած թեթև ակնարկ եղել է առ այն, որ այս հանդիպումն ինչ-որ բանով տարբերվում է, գրում է թերթը: Հունվարի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Ադրբեջանի նախագահը ևս մեկ անգամ ֆրանսիացի գործընկերոջն է հասցրել հակամարտության վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը»,- կարճ ասվում էր մամուլի հաղորդագրության մեջ և ընդգծվում, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Փարիզի նախաձեռնությամբ: Զրույցի փաստն ինքնին շատ բանի մասին է խոսում. Համանախագահ երկրների նախագահները հազվադեպ են ակտիվություն ցուցաբերում բանակցություններում:

9-ժամյա մարաթոնին հաջորդած պաշտոնական հաղորդագրությունը թվաց բավականին աղքատիկ:

Ինչպես հայտարարեցին Ադրբեջանի ԱԳՆ-ում, կողմերը «քննարկել են 2019թ. առաջ քաշված առաջարկները, մասնավորապես ժողովուրդներին խաղաղության նախապատրաստումը, մարդասիրական փոխականությունը», ինչպես նաև «կարգավորման հիմքում ընկած սկզբունքներն ու տարրերը»: Հատուկ ուշադրություն Բաքուն հատկացրել էր Հելսինկյան եզրափակիչ ակտին. դա 1975թ. ընդունված փաստաթուղթ է, որն ամրագրում է սահմանների անխախտելիությունը, բացատրում է թերթի:

Անցյալ երկար տարիների ընթացքում առաջին անգամ հայ լրագրողներին թողեցին մուտք գործել Ադրբեջան և հակառակը: Դրանից հետո կողմերը որոշեցին շարունակել փոխայցերը՝ գործընթացի մեջ ներառելով ոչ միայն լրագրողների, այլև հասարակական և մշակութային գործիչների:

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունը գործնականում չէր տարբերվում. դրանում նույնպես ասվում էր 2019թ. արված առաջարկների մասին, ինչպես նաև հաստատվում էր մոտ ապագայում կրկին հանդիպելու ցանկությունը:

Ընդ որում, Երևանում «Կոմերսանտի» աղբյուրը հայտնել է, որ Զոհրաբ Մնացականյանը կրկին խոսել է բանակցային գործընթացում «Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանություններին» ներգրավելու մասին:

«Ղարաբաղի իշխանությունները վերահսկում են Լեռնային Ղարաբաղի տարածքը, այնտեղ ապրող բնակչության օրինական ներկայացուցիչներն են: Եվ առանց նրանց, առանց նրանց համաձայնության հնարավոր չէ խաղաղ կարգավորում: Ուստի մեր դիրքորոշումն այն է, որ բանակցությունները պետք է լինեն եռակողմ՝ Բաքու, Երևան, Ստեփականակերտ»,- ասել է թերթի զրուցակիցը:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան իր հերթին «Կոմերսանտին» ներկայացրել է այդ հարցում Բաքվի դիրքորոշումը: «Երբ ասում են «Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանություններ», ես ուզում եմ հարցնել՝ ու՞մ կողմից ընտրված: Այնտեղ եղել է էթնիկ զտում, և ադրբեջանցիները արտաքսվել են իրենց տարածքներից: Ի՞նչ ընտրությունների մասին կարող է խոսք լինել»:

Իր հերթին, թերթը նկատում է, որ Երևանը հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որը գործում է որպես հասարակական կազմակերպություն: «Լեռնային Ղարաբաղը իր ողջ պատմության ընթացքում երբեք երկհամայնք միավոր չի եղել,- ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անցյալ տարի:- Անգամ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը հայկական ինքնավարություն էր, չնայած ադրբեջանցիներին վերաբնակեցնելու հաշվին ժողովրդագրական վիճակը փոխելու Բաքվի փորձերին»:

Ժնևի հանդիպումը տեղի ունեցավ նախորդ հանդիպումից մոտ երկու ամիս հետո: 2019թ. դեկտեմբերին հայ և ադրբեջանցի նախարարները հանդիպել էին Բրատիսլավայում: Ընդ որում` այնտեղ Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել էր անմիջապես իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո: Հենց Ռուսաստանի արտգործնախարարն էլ է առաջ է քաշում «փոքր քայլերի» անհրաժեշտությունը, որը նրա կարծիքով կարող է թուլացնել լարվածության աստիճանը և մոտեցնել երկարատև հակամարտության լուծումը:

2019թ. համեստ, բայց հոգեբանորեն կարևոր հաջողությունները ղարաբաղյան հակամարտության գործում ձեռք են բերվել ինտենսիվ բանակցությունների արդյունքում. Արտգործնախարարները հանդիպել են 5 անգամ: Այս տարի կողմերը պատրաստվում են պահպանել տեմպը, ուստի պայմանավորվել են հանդիպել ևս մեկ անգամ «մոտ ապագայում», եզրափակում է թերթը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031