Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, ուղղված ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծմանը՝ գնագոյացման, սակագների,  ոչ խտրական մոտեցումների հիման վրա. Նիկոլ Փաշինյան

Հունվար 31,2020 15:56

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Վարչապետն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Լուսանկարման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի վարչապետները: Որպես ԵԱՏՄ-ում դիտորդ պետության ներկայացուցիչ, ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև Մոլդովայի վարչապետ Յոն Կիկուն:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Պատվիրակությունների հարգելի անդամներ,

Նախ` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինին` այսօրվա հանդիպման հաջող անցկացման, բոլոր պայմանները ստեղծելու, ինչպես նաև ավանդական հյուրընկալության համար:

Ցանկանում եմ նաև ողջունել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինին և Մոլդովայի վարչապետ Յոն Կիկուին, ովքեր առաջին անգամ են մասնակցում մեր խորհրդի նիստին: Հաջողություն եմ մաղթում Ձեզ և կցանկանայի հավաստիացնել, որ մենք պատրաստ ենք ակտիվ և արդյունավետ համագործակցության:

Սիրելի ընկերներ,

Սա մեր առաջին հանդիպումն է այս տարի բելառուսական կողմի նախագահության ներքո: Մենք աջակցում ենք Բելառուսի նախագահության շրջանակում արձանագրված ինտեգրման առաջնային ուղղություններին: Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել դեռևս գոյություն ունեցող խոչընդոտների և սահմանափակումների վերացման կարևորությունը, որոնք խանգարում են ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը:

Անհրաժեշտ է նաև ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծմանը՝ գնագոյացման, սակագների, ծառայությունների հասանելիության ոլորտում ոչ խտրական մոտեցումների հիման վրա: Միության մարմինների արդյունավետության բարձրացումը և տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը ևս մեկ ուղղություն է, որը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում:

Այսօրվա նիստի օրակարգի հարցերի մասին կցանկանայի նշել հետևյալը. այսօր հերթական անգամ քննարկվեց ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքը: Այս խոչընդոտների մի մասով մենք այսօր որոշումներ ենք կայացրել: Այնուամենայնիվ, ինչպես արդեն բազմիցս նշել եմ, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է համախմբել համատեղ ջանքերը, որոնք ուղղված են առկա խոչընդոտների վերացմանը և հետագայում դրանց կրկնությունը բացառող պայմանների ստեղծմանը:

Ինչ վերաբերում է «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություններին», ես կցանկանայի նշել, որ մենք առանձնահատուկ կարևորում ենք այս փաստաթղթի վերջնական համաձայնեցումը` ԵԱՏՄ պայմանագրով ամրագրված համագործակցության հաստատված ձևերի հիման վրա:

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրականացման գործընթացին: Կարծում ենք, որ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորումը հնարավորություն կտա նվազեցնել ապրանքների և ծառայությունների սպառողի, արտադրողի և վաճառողի միջև հեռավորությունը: Դա էապես կնվազեցնի առաքման, ինչպես նաև ապրանքների տեղափոխման օպտիմալ եղանակներն ու մեթոդները որոնելու ժամանակը՝ շուկան այս առումով ավելի կատարյալ դարձնելով:

Նիստի հարգելի մասնակիցներ,

Քանի որ փետրվարի 1-ին ավարտվում է Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը, իմ ելույթի ավարտին ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին, ինչպես նաև Հանձնաժողովին՝ կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Ցանկանում եմ նաև բեղմնավոր աշխատանք մաղթել նոր Հանձնաժողովին Միխայիլ Մյասնիկովիչի ղեկավարությամբ, ինչպես նաև Բելառուսի Հանրապետությանը, որը այս տարի նախագահելու է ԵԱՏՄ մարմիններում:

Եվ վերջում ցանկանում եմ հայտնել Հայաստանի պատրաստակամությունն այս տարի հյուրընկալել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը: Ուրախ կլինեմ ողջունել բոլորիդ Հայաստանում: Եվ մեր կողմից ցանկանում եմ հավաստիացնել, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նիստն անցնի ամենաբարձր մակարդակով:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Նիստի ընթացքում վարչապետները քննարկել են ԵԱՏՄ ֆունկցիոնալության հետագա բարձրացմանը, կազմակերպության իրավապայմանագրային բազայի կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շուկայում խոչընդոտների վերացմանը, ազգային տեղեկատվական համակարգերի ինտեգրմանը, մաքսային կարգավորումների ոլորտում համագործակցությանը և միության ընդհանուր շուկաների ձևավորմանը: Քննարկվել են նաև մի շարք նախաձեռնություններ՝ եվրասիական տարածքում ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելու և պաշտպանական միջոցառումները բարելավելու հնարավորությունները՝ հաշվի առնելով միջազգային փորձը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031