«Ես ներքին ուրախություն ունեմ, երբ որ որեւէ մի բան, ինչն առնչվում է Հայաստանին եւ հայկական շահերին, մեր հասարակությունում տեղի են ունենում բաց, անկաշկանդ քննարկումներ, հնչում են տարբեր տեսակետներ»,-այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը:
«Իմ պատկերացմամբ, Արցախի հիմնահարցին անդրադառնալիս, պետք է ունենանք երկու մոտեցում: Առաջինը՝ պետք է գիտակցել, որ Արցախի Հանրապետությունը կայացած քաղաքական միավոր է, իրականություն է եւ նա որեւէ մեկի գրպանում դրված բլիթ կամ կոնֆետ չէ, որ մեկը մի մաս պոկի, հանի ու ինչ որ մեկին տա, մյուսին չտա: Արցախը իրական է եւ ինքը իր ճանապարհը հարթելով գնում է առաջ: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, որպեսզի առողջ քննարկումներ ունենանք, օգնենք, որ նաեւ ժողովրդավարության իմաստով հերթական ընտրություններն անցնեն շատ լավ, եւ Արցախը ներկայացնենք աշխարհին ու Արցախը իր զարգացումներն ունենա:
Երկրորդը հարցի լուծման խնդրի մեջ է նորից իրական կյանքում: Իմ պատկերացմամբ, Ադրբեջանում շատ շուտվանից կա ընդունված քաղաքական որոշում, որ ինքը գնալու է ռազմական ճանապարհով: Եվ այսօր եղած բանակցություններն ու այլ խնդիրները պարզապես իրենց շահերն առաջ տանելու համար շղարշ են: Եվ մենք պետք է գիտակցենք, որ տարածաշրջանում միակ զսպող ուժը եւ խաղաղություն պարտադրողը Արցախի պաշտպանության բանակն է եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը: Իսկ դա նշանակում է, որ մենք մեր տնային աշխատանքը, անկախ ամեն տեսակի հանդիպումներից, հայտարարություններից, պետք է կարողանանք լավ կատարել եւ իրականությունը կարողանանք փոխել հողի վրա: Դրա լավագույն օրինակը երկու օր առաջ հայտարարված «դարի գործարք» ասածն է, որտեղ Իսրայելը կարողացավ հողի վրա իրականությունն այնպես փոխել, որ ԱՄՆ-ը հիմա լիակատար աջակցություն է հայտնում: Չասենք, որ ժամանակին եղել են հազարավոր բանակցություններ, Օսլոյի համաձայնագիր ու էլի շատ բաներ:
Մեր համար նույնպես պետք է շատ հետաքրքիր մոտեցում լինի: Այսօրվա բանակցության գործընթացն ընդհանրապես մարտավարության խնդիրներ են, թե ոնց դու կարող ես դա օգտագործել այն ժամանակահատվածի համար, որտեղ կպատրաստվես եւ կկարողանաս իրականությունը փոխել ի շահ, հօգուտ քեզ այդ ռեսուրսի ձեւավորման համար: Գլխավորը այդ ժամանակն օգտագործելն է: Երբ հարցնում են՝ ժամանակն ում օգտին է աշխատում, պատասխանում եմ՝ նրա, ով այդ ժամանակը ճիշտ է օգտագործում: Այնպես որ, մենք մեր տնային աշխատանքները պետք է անենք առանց կարեւորելու, թե կա՞ հանդիպում, չկա՞ հանդիպում: Մենք զարկը պետք է տանք հզոր տնտեսություն կառուցելուն, ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, քանի որ դա էլ կարեւոր է մեր անվտանգության համար, գիտությանը, ռազմարդյունաբերությանը, ժողովրդագրությանը, որպեսզի մեր խնդիրները լուծենք»,-ասաց Թեւան Պողոսյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ