Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդում ելույթից մի հատված
Այդ ընդհանուր պատասխանատվությունն է, որ պետք է մեզ թույլ տա առաջ ընթանալ «Նոր Հայաստանի» հետ, որը փայլուն կերպով դիմագրավում է ժողովրդավարական և տնտեսական վերելքի այդ դժվարին փորձությանը, և որին այստեղ ցանկանում եմ արժանին մատուցել:
Երիտասարդ պետություն… /ծափողջույններ/ Կարող եք ծափահարել երկրի ղեկավարներին: Երիտասարդ պետություն հին ազգի՝ պատմությամբ թրծված, որին ողբերգություններն առավել գիտակից են դարձնում ներկան ապրելու, նրա ընձեռած հնարավորություններից օգտվելու և արդիականությունը վայելելու կարևորությունը:
Ցանկանում եմ նաև ողջ հարգանքս հավաստել Հայաստանին, որն, ի դեպ, թավշյա հեղափոխությամբ հրաշալիորեն ցուցանեց աշխարհին խաղաղ, առանց արտաքին ազդեցության, հեղափոխություն իրականացնելու իր կարողությունը՝ հարգելով օրենքը և գերատեսչությունները: Սա գրեթե աննախադեպ օրինակ է մեր արդի պատմության մեջ:
Կարդացեք նաև
Ինձ ուղեկցում էիք 2018թ. հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում: Մեծն Շառլին հարգանքի տուրք մատուցեցինք: Ցանկանում եմ ողջունել Ձեզ՝ Նիկոլա, Ձեր տիկնոջը և ողջ ընտանիքին հիացմունքի արժանի գործունեության համար, որը կշարունակենք սատարել և գիտեք, թե որքա˜ն: Ցանկանում եմ նշել, որ ոչ միայն տպավորվեցինք, այլ նաև մեկնարկը տվեցինք մի շարք նախագծերի: Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահը՝ թանկագին Վալերին հիշատակեց իր շրջանի հանձնառությունները, որին հետևեցին բազմաթիվ այլ ՏԻՄ-եր՝ առաջ մղելու այդ ընդհանուր նախագծերը, որի վկայությունն է Հայաստանում ֆրանսիական համալսարանը: Գործ ունենք գլոբալիզացված տնտեսության մեջ ներգրավմանը ծառայեցվող ֆրանկոֆոնիայի, ակտիվ ֆրանկոֆոնիայի, տնտեսական, իրավական, ակադեմիական, մշակութային համագործակցության քաղաքականության հետ, որն իրականացվում է և որին խորապես նոր զարկ է տրվում:
Ձեզանից շատերն այստեղ հանդիսանում են բազմաթիվ ծրագրերի կրողը: Չցանկանալով այդ մասին ծավալվել՝ նկատեմ, որ Փարիզի քաղաքապետը իրավամբ հիշատակեց ԹՈՒՄՈ-յի նախաձեռնությունը, որը մեզ համար թանկ է: Հիշատակվեցին նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Ֆրանսիական ինստիտուտը, Շառլ Ազնավուր հիմնադրամը, և տնտեսական, մշակութային դերակատարների հետ միասին, որը դո՛ւք եք և առօրյայում կյանքի եք կոչում այդ հարաբերությունները, կշարունակենք պայքարն ի նպաստ այդ խոշոր նախագծերից յուրաքանչյուրի:
Ցանկանում եմ ընդգծել, որ մեր կամքն է շարունակել Սփյուռքի հետ մեկտեղ մեր ավանդը ներդնել այս նոր Հայաստանում՝ հօգուտ Ֆրանսիայի, ծագումով հայ ֆրանսիացիների, Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների, քանզի գիտակցում եմ բոլոր այն մարտահրավերները, որոնց դիմագրավում է այդչափ խիզախ նոր Հայաստանը: Լոկ հայացք նետելով քարտեզին՝ կտեսնենք սպառնացող մեծ վտանգներն ու նրա շեմին խռովված աշխարհը: Նման ժողովրդավարական կենսունակության, արդեն իսկ այդչափ ողբերգական պատմության պարագայում, Ֆրանսիայի պարտքն է լինել Հայաստանի կողքին:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն