Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բա սա պահվա՞ծք է». Արծվիկ Մինասյանը բողոքում է ոստիկանության անհամաչափ ուժից, հիշեցնում են՝ ո՞ւր էին, երբ Մարտի 1-ին էր ոստիկանությունը ուժ կիրառում

Հունվար 31,2020 15:05

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, խոսելով «Ադեկվադ» ու ՎԵՏՕ խմբի անդամների «բռնել-բաց թողնելու» օպերացիայի, ասֆալտին փռելու գործողությունների մասին, բողոքեց, թե ոստիկանությունն ինչո՞ւ է չհիմնավորված ֆիզիկական ուժ գործադրել բերման ենթարկվածների նկատմամբ. «Բա ինչո՞վ են նրանք տարբերվում նախորդներին ներկայացվող մեղադրանքներից, երբ ակնհայտորեն քաղաքացիներին ասֆալտին էին փռում եւ այն ժամանակ բոլորը դեմ էին արտահայտվում, թե «էս ի՞նչ պահվածք է», բա սա պահվա՞ծք է: Ո՞վ է տվել այդ իրավունքը, որ ոստիկանը, թեկուզ հատուկ ստորաբաժանման ներկայացուցիչը, միանգամից բացի մեքենայի դուռն ու մարդուն փռի ասֆալտին: Ո՞վ է նրանց տվել այդ իրավունքը»:

Լրագրողները պատասխանեցին՝ իրենց ստացած «70% ձայները»՝ Մինասյանն արձագանքեց. «Անգամ դա իրենց չի տալիս այդ իրավունքը, գոյություն ունի «Ոստիկանության մասին» օրենք, «Ներքին զորքերի մասին» օրենք, որտեղ հստակ ամրագրված է, թե ֆիզիկական ուժը, հատուկ միջոցները որ դեպքերում են կիրառման ենթակա, երբ որ սպառված են բոլոր հնարավորությունները՝ նորմալ պարտականությունները կատարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու»:

Արծվիկ Մինասյանը նույնիսկ հուշեց ոստիկաններին, թե ինչպես պետք է մոտենան քաղաքացուն, ասեն՝ «բարեւ ձեզ», քաղաքակիրթ ձեւով հրավիրեն ոստիկանություն. «Մինչեւ այս բառերը չհնչեն, որեւէ ձեւով իրավունք չկա քաղաքացուն միանգամից փռել ասֆալտին, սա ոչ այլ ինչ է, քան քաղաքացուն ստորացում»: Նա բորբոքվեց, որ իշխանությունները, փոխանակ դատապարտեն, որ անհամաչափ ուժ է կիրառվել, «հիմնավորում են, արդարացնում են». «Լավ, ո՞ւր եք գնում դուք սրանով»:

Aravot.am-ը հարցրեց՝ բա 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության այդ պահվածքի, անհամաչափ ուժի մասին ինչո՞ւ չէիք հիշում՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այ դուք սխալվում եք: 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության հատուկ կարծիքում ՀՅԴ երկու ներկայացուցիչները՝ ես եւ Արտաշես Շահբազյանը շատ հստակ ենք գրել, որ ոստիկանության գործողությունները թե՛ Ազատության հրապարակում, թե՛ քաղաքապետարանի տարածքում, թե՛ առանձին դրվագներում եղել են ոչ համաչափ: Այն, որ «Չերյոմուխա 7»-ից զոհել են անձինք, արդեն իսկ այն բանի մասին է խոսում, որ ոչ իրավաչափ վարքագիծ է եղել, դուք մոռացել եք մեր գնահատականը»: Հիշեցրինք, որ ՀՅԴ-ն դրանից հետո կոալիցիա է կազմել Մարտի 1-ից հետո իշխանության եկած ուժի հետ՝ դրանով արդարացնելով ոստիկանության ձեռնարկած միջոցներն էլ՝ Մինասյանն ասաց. «Ձեզ խորհուրդ կտամ ու կխնդրեմ, որպեսզի վերհիշեք: Ես եւ Արտաշես Շահբազյանը այն անձանց, ում տարել են կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակով ձերբակալել են, միջնորդություններ ենք ներկայացրել՝ նրանց կարգավիճակը փոխելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031