Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողների կյանքի իրավունքի նկատմամբ իշխանությունները կրում են անմիջական պատասխանատվություն. ՀՔԱՎ

Հունվար 31,2020 15:35

Զինծառայողների կյանքի իրավունքի նկատմամբ ՀՀ իշխանությունները կրում են անմիջական պատասխանատվություն՝ ապահովելու համար նրանց անվտանգ և արժանապատիվ ծառայությունը:

2020 թ.-ի հունվարին ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում արդեն  գրանցվել է 4 մահվան ելքով դեպք, որից 2-ը ինքնասպանություն որակված, 1-ը առողջական խնդիրների եւ 1-ը դժբախտ պատահարի հետեւանքով:

Նույն ժամանակահատվածում գրանցվել է 8 զինծառայողի վիրավորում ստանալու դեպք, մասնավորապես՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով 2 դեպք, ավտովթարի 3 դեպք, սպանության փորձի 2 եւ ինքնասպանության փորձի 1 դեպք:

Ընդ որում` մահացության 4 դեպքերից 2-ը եւ վիրավորման 8 դեպքերից 3-ը տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում հրազենի կիրառմամբ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր մտահոգությունն է հայտնում դեպքերի կապակցությամբ եւ վերստին արձանագրում, որ զինված ուժերում զինծառայողների հագուստի եւ սննդի որակի, մարտական հերթապահության վայրերում կենսաապահովման եւ անվտանգության պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող կարեւոր գործողություններին զուգահեռ, անհրաժեշտ է ապահովել արդյունավետ վերահսկողություն զինված ուժերում զինվորական կարգապահության, կանոնադրային հարաբերությունների պահպանման, սպաների, շարքային ու պայմանագրային զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարելավման, նրանց կրթական մակարդակի բարձրացմանը նպաստելու ուղղությամբ: Վերստին կարեւորում ենք վերոնշյալ բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ համակարգային մոտեցումների մշակումն ու իրականացումը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տարիներ շարունակ արձանագրում է այդ խնդիրները, սակայն  Պաշտպանության նախարարությունը քայլեր չի ձեռնարկում համակարգային փոփոխությունների իրականացման ուղղությամբ։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031