«Ամեն ինչ գիտեմ մոտեցումը, իշխանության այս վարքագիծը ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Չկա երկխոսություն, չկա առողջ բանավեճ, ուստի ակնկալել, որ իշխանությունը սահմանադրական փոփոխություններում ազնիվ նպատակ է հետապնդում, առնվազն այս պահին մեզ համար մշուշոտ է»,- այսօր հրավիրած ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա ասաց. «ԱԺ-ում հաճախ այնպիսի հայտարարությունների ականատես ենք լինում, որոնք անգամ Մոնթեսքյոն կամ Ժան Ժակ Ռուսսոն կարող է գլուխները բռնած փախնեին, եթե լսեին այսօր այդ հայտարարությունները: Իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարումը դարձել է ամենօրյա վարքագիծ ԱԺ պատգամավորների, գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից»:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ երբ ասում են, թե ԱԺ-ն փոխզսպում է, նկատի պետք է ունենալ այն ազդեցությունը, ըստ որի ՍԴ դատավորներին ընտրում է ԱԺ-ն: Ըստ Արծվիկ Մինասյանի, ներկայիս իշխանությունները չեն գիտակցում, որ վաղը, երբ իշխանություն փոխվեց, գալու է ձեւավորի իր ՍԴ-ն, ուստի իշխանությունը չի կարող իր քիմքին համապատասխան ՍԴ ստեղծել. Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ քաղաքական մեծամասնությունն առաջնորդվում է, ոչ թե իրավական գերակայությամբ, այլ՝ սեփական քաղաքական շահով:
Լրագրողները հարցրեցին «գրիչի» պատմությունից, Ալեն Սիմոնյանի պատմածից, թե ինչպես է Հրայր Թովմասյանը հետեւից գրկել իրեն: Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ ամոթ է նման ցածրակարգ մոտեցումը. «Պատիվ չեն բերում երկրի կառավարման համակարգում ներգրավված մարդկանց այս մակարդակի զրույցները: Այն, որ գործող քաղաքական իշխանությունը գործադիր, թե՛ օրենսդիր մակարդակներում իրավական համակարգերի միջոցով ակնհայտորեն, անթաքույց հարձակում են գործել դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, դա վաղուց է հայտնի»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ քաղաքական իշխանությունն ամեն գնով՝ նույնիսկ այս ցածրակարգ մակարդակի գրիչ նվիրելու սկսած՝ ավարտած գրկախառնությունները, ուզում է ազատվել ՍԴ նախագահից. «Պետք է քաղաքական ակցիաներ իրականացվեն, պետք է զսպվի քաղաքական իշխանության ախորժակը, անբացատրելի՛, հակաօրինակա՛ն ախորժակը»: Նա հորդորեց միավորվել այս օրակարգի շուրջ ու թույլ չտալ, որ հերթական անգամ սահմանադրական կարգը տապալվի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ