Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյանն ինքը պետք է ապացուցի ՀՅԴ-ի ահաբեկչական անցյալը. «Ուրախ կլինենք Բաբաջանյանի փաստերը լսել դատարանում»

Հունվար 31,2020 14:24

Այսօր ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հրավիրած ասուլիսում խոսելով պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ներկայացրած հայցի մասին՝ ասաց. «Այսպիսի արտահայտություններ անում է ԱԺ պատգամավորը, որն օրենքով պարտավոր է իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հարգալից վերաբերմունք ունենալ: Նա հնչեցնում է այդպիսի արտահայտություններ ՀՀ օրենսդիր բարձրագույն ամբիոնից եւ պատվի, արժանապատվության ու բարի համբավի դատական պաշտպանության այս մեխանիզմով ի վերջո նաեւ մենք ուզում ենք մեր երկրում ձեւավորել նախադեպ: Առ այս պահը մեզ հայտնի չէ որեւէ փաստ, իրավական ընթացակարգով գործընթաց, որտեղ կուսակցությունն այսպիսի հայցադիմում է ներկայացնում»:

Հիշեցնենք, որ ՀՅԴ 11 անդամ դիմել է դատարան՝ պահանջելով, որ Բաբաջանյանը ներողություն խնդրի ԱԺ ամբիոնից հնչեցրած իր ելույթում վիրավորանքի համար եւ խորհրդանշական 1 լումա փոխհատուցում տա՝ զրպարտության համար: Հայցի հիմքում 2019թ.-ի դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում Արման Բաբաջանյանի ելույթն է, որում նա ՀՅԴ-ին անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ:

ՀՅԴ-ի շահերը ներկայացնող փաստաբան Հայկուհի Սեդրակյանն ասաց, որ հայցը վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով է: Սա նշանակում է, որ ապացուցման բեռը Արման Բաբաջանյանի վրա է. «Պատասխանողը գործի շրջանակներում պարոն Բաբաջանյանն է, զրպարտության մասով ապացուցման պարտականությունը եւս ինքն է կրելու, նախ պետք է լսենք իր փաստարկները, հետո նոր մեր ապացույցները դատարանում կներկայացնենք»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ պատճառված վնասն անչափելի, անգնահատելի է, բայց իրենց համար սկզբունքային նշանակություն ունի փաստի արձանագրումը, դրա համար խորհրդանշական գումար են պահանջել. «Ուրախ կլինենք պարոն Բաբաջանյանին տեսնել դատարանում եւ իր փաստերը լսել դատարանում: Դատական նիստերը լինելու են բաց, հրապարակային, չափազանց կարեւոր է, որ մեր հանրությունը, լրագրողական աշխարհը մանրամասն հետեւի փաստերի եւ հակափաստերի ներկայացման քաղաքակիրթ՝ դատական կարգով ներկայացմանը»: Մինասյանն ասաց, որ համոզված են՝ ակտիվ դատական նիստեր են տեղի ունենալու եւ դատարանից ակնկալում են հավուր պատշաճի գնահատական:

Լրագրողները փոխանցեցին Արման Բաբաջանյանի արձագանքը դատական հայցին՝ ինչքանո՞վ է ձեռնտու, որ ահաբեկչական անցյալի մասին նորից խոսվի: Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ցանկացած փաստ մենք պատրաստ ենք լսելու դատարանում»:

Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ Բաբաջանյանն ասի, որ ինքը քաղաքական հայտարարություն է արել, հետեւաբար որեւէ իրավական հետեւանք դա չի կարող ունենալ՝ Հայկուհի Սեդրակյանը պատասխանեց, որ եթե նման բան ասի, իրավական նորմերի շրջանակում դրան դատարանում կպատասխանեն: Քանի դեռ չի եղել նման բան, ճիշտ չէ անդրադառնալ: Իսկ Արծվիկ Մինասյանն ասաց, որ չի կարող քաղաքական որակվել այն հայտարարությունը, որը հստակ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելուն է ուղղված:

Aravot.am-ը հարցրեց՝ Արման Բաբաջանյանն ասում է, որ 2006-2009-ին, երբ ինքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է եղել, այնտեղ ծանոթացել է մի շարք ՀՅԴ-ականների հետ, որոնց ահաբեկչական գործողությունների համար ցմահ դատապարտված են եղել ու պատմել են, թե նորանկախ Հայաստանի առաջին տարիներին ինչ սպանություններ ու ահաբեկչական ակտեր է կատարել ՀՅԴ-ն քաղաքական հակառակորդների նկատմամբ, այդ մութ անցյալի էջերը դատարանում նորից վեր հանելը ՀՅԴ-ին ձեռնտո՞ւ է: Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Մենք դատարանում ենք լսելու բոլոր փաստերը եւ ապացույցները: Համոզված կերպով ձեզ ասում եմ, որ սա այդ առիթներից մեկն է: Շատ ուրախ կլինեմ լսել պարոն Բաբաջանյանին, իր այդ բոլոր պնդումները թող ներկայացնի հիմնավորումներով, ապացուցողական նշանակության փաստերով, այլ ոչ թե դա համարի հերթական լրագրողական հայտարարություն: Համոզված եմ, որ այդ, բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ, որոնց այս տարիների ընթացքում ՀՅԴ ղեկավար մարմինները հարկ չեն համարել անդրադառնալ, այդ դատական նիստերի ընթացքում կներկայացվի: Մենք հաճախ ականատես ենք լինում հերյուրանքների, սուտ, կեղծ տեղեկատվության, ինչպես օրերս ԶԼՄ-ներից մեկը «Դրոյի» հայտնի գործով էր հրապարակում արել: Սա առիթ կլինի մեր հասարակության մեջ սուտն ու կեղծիքը, իրականությունը եւ երեւակայական մոտեցումները տարանջատել: 130 տարվա քաղաքական ուժն իր անցյալի եւ ապագայի համար երաշխավորված է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031