Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Իշխանությունը անբարոյականության մեջ մեղադրում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ իշխանությանը, ինչը հետաքրքիր չէ»

Հունվար 31,2020 14:12

«Տեսակետ» ակումբում հյուրընկալված Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն  Բաբայանը լրագրողների խնդրանքով անդրադառնալով Հրայր Թովմասյանի՝ Նիկոլ Փաշինյանին գրիչ նվիրելու պատմությանը եւ հարցին՝ չի՞ պատրաստվում այդ թեմայով որեւէ ներկայացում բեմադրել, նշեց. «Թատրոնում նման բաներով չենք զբաղվում, թատրոնն ավելի լուրջ կազմակերպություն է, քան քաղաքականությունը… Թատրոնն ուսումնասիրում է մարդուն, մարդու կյանքը, ինչի համար է այս աշխարհ եկել, ինչ ունի տալու եւ տանելու: Իսկ մնացած հարցերը շատ մանր են թատրոնի համար:

Ինչ վերաբերվում է ողջ պատմությանը՝ Սահմանադրական դատարանի նախագահ, վարչապետ, կարծում եմ կոնկրետ մի բանի վրա պետք է կանգ առնել՝ եթե տեղի է ունեցել կեղծիք, օրենքի խախտում, ապա դրանից պետք է բռնել ու տանել առաջ»:

Պարոն Բաբայանը հետեւյալ կարծիքին է. «Սխալ է հարցը բարոյական դաշտ տեղափոխելը, խուզարկություն, չգիտեմ ինչ անհեթեթություններ… Առավել եւս, որ բոլոր մեղադրանքները քաղաքական գործիչների՝ բարոյականության ոլորտում, շատ անլուրջ են ընկալվում՝ եւ իմ, եւ հասարակության մեծամասնության կողմից: Բոլոր դեպքերում քաղաքական գործիչներից պահանջում ենք ոչ թե բարոյականության մեղադրանքներ եւ բարոյախոսություններ, այլ կոնկրետ ծրագրեր, բանավեճեր այդ ծրագրերի շուրջ, որպեսզի կարողանանք հասկանալ, որ ընտրում ենք ոչ թե հրեշտակների, այլ տարբեր մոտեցումներ, որոնք մասնագիտորեն պետք է համոզիչ լինեն:

Երեսուն տարի է՝ մեր երկիրն անկախ է, եւ հիմնականում լսում ենք մեղադրանքներ. իշխանությունը անբարոյականության մեջ մեղադրում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ իշխանությանը, ինչը հետաքրքիր չէ, արդյունավետ չէ, իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ բարոյականության եւ անբարոյականության հարցերը կապ չունեն կուսակցական պատկանելության հետ: Ինչպես բոլոր ազգերում կան բարոյական եւ անբարոյական ու ստախոս մարդիկ, այնպես էլ բոլոր կուսակցություններում, բոլոր խավերում, բոլոր թատրոններում: Անբարոյականությունը դասակարգային պատկանելություն չունի»:

Պարոն Բաբայանը խոսեց նաեւ անցյալ տարի թատրոնի գրանցած հաջողությունների եւ մասնավորապես Չեխովյան փառատոնին մասնակցության մասին: Առանձնացրեց հատկապես Նարինե Գրիգորյանի « Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» ներկայացումը: Ասաց, որ այս ներկայացումը շուրջ 10 միջազգային փառատոների է մասնակցել, ստացել մրցանակներ, 3 անգամ էլ ներկայացումը խաղացվել է Արցախում:

«Փայլուն ներկայացում է՝ եւ բովանդակությամբ, ձեւով, ներկայացնում է հայ մշակույթը եւ մեր խնդիրը, որ դառնում է համամարդկային, սակայն այդ ներկայացումը ներկայացվել էր պետական մրցանակի, եւ չէր արժանացել մրցանակի: Սա խոսում է նրա մասին, որ մենք լուրջ խնդիր ունենք, թե ինչպես են կազմվում այդ հանձնաժողովները, ինչ սկզբունքներով են ընտրություն կատարում: Եթե այդ ամեն ինչից հետո, երբ ներկայացումն ունեցել է նման հաջողություններ, ու հանձնաժողովը մրցանակ չի տվել, սա խոսում է հանձնաժողովի՝ կամ պրոֆեսիոնալ ցածր մակարդակի մասին, կամ այն մասին, որ հանձնաժողովն առաջնորդվել է ոչ թե գեղագիտական սկզբունքներով, այլ լրիվ ուրիշ: Կարծում եմ, որ այդ հանձնաժողովը նման քայլից հետո ողջ կազմով պետք է հրաժարական տար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031