ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Թվիթերում է այս տարվա հունվարից: Նա որոշել է հանրության հետ շփվել նաեւ Թվիթերի իր միկրոբլոգի օգնությամբ, սակայն նրա այս քայլը միանշանակ չընդունվեց թվիթերցիների կողմից: Վանեցյանի հենց առաջին թվիթին օգտատերերը հեգնանքով էին պատասխանում, թեեւ կային նաեւ ողջույնի խոսքեր: Շատ կարճ ժամանակ անց Վանեցյանը սկսեց արգելափակել բոլոր այն օգտատերերին, որոնց գրառումներն իր սրտով չեն, այն գրառումները, որոնք իրեն են վերաբերում:
Նրա առաջին թվիթին ի պատասխան, օգտատերերը հիշեցրին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ գաղտնալսումը, խորհուրդ տալով. «Օգտվեք տելեգրամից, էնտեղ չեն գաղտնալսում»:
Վանեցյանի բոլոր գրառումներին հումորով ու հեգնանքով պատասխանների պակաս չկա: Վարչապետի նոր թեկնածուի մասին Վանեցյանի գրառումն անարձագանք չմնաց. Նրան պատասխանել էին. «Կարծում եմ դուք ամենահարմար թեկնածուն եք, պարոն Վանեցյան»: Օգտատերն ակնարկելու համար, թե ինչ նկատի ունի, այս գրառումն ավարտել է ՌԴ դրոշի պատկերներով:
Կարդացեք նաև
Երբ ԱԱԾ նախկին տնօրենը գրեց՝«…Հայաստանը մեզանից առաջ ապրողների եւ մեզանից հետո ծնվող սերունդներ ինքնությունն է…», «Պատմիչ Եղիշե» օգտատերն արձագանքեց. «Առաջարկում եմ իմ թեկնածությունը՝ որպես ձեր ապագա կուսակցության պատմիչ»:
Վանեցյանի թվիթերյան էջում նրան նաեւ ողջունող ու սատարողներ կան:
Թվիթերում Վանեցյանի կողմից արգելափակված օգտատերերը նրա այդ քայլն էլ են հեգնում: Նրանք շատ արագ նկատել են՝ Վանեցյանը, բացի իր ֆեյքերից, համարյա բոլորին արգելափակում է:
ՀՀ 2-րդ նախագահի տղան՝ Լեւոն Քոչարյանն էլ է վերջերս գրանցվել Թվիթերում, նա բավականին ակտիվ է, հաճախ է գրառումներ անում, բայց նրա առաջին գրառումներն էլ միանշանակ չընդունեցին հնաբնակ թվիթերցիները:
Լեւոն Քոչարյանը փորձեց լեզու գտնել, նա այսպիսի գրառում էր կատարել. «Տղերք, եթե իրար հետ օֆլայնում էլ էք մոտիկ, հարմարացրեք՝ գամ, տեսնեմ ձեզ, զրուցենք, էսպես հաստատ չեմ հասցնի: Բայց ինչ-որ հարցերում ռեալ սխալ պատկերացում ունեք, ընդունում եմ մեր մեղավորությունն էլ ՝: Ու ինչ-որ տեղեր համոզված եմ՝ ես էլ սխալ պատկերացում ունեմ»:
Քոչարյանին նույնպես հեգնանքով արձագանքեցին, թե բա՝ պիցա են պատիվ տալիս:
Aravot.am –ի հետ զրույցում սոցցանցերում ակտիվ օգտատեր, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ մի քանի օրվա տարբերությամբ Թվիթեր մտան սկզբից՝ Վանեցյանը, հետո՝ Լեւոն Քոչարյանը.«Եվ բավականին ակտիվություն սկսվեց, ակտիվացան այսպես ասած՝ «քնած պրոֆիլները», որոնք բավականին ընդդիմադիր հայացքներ ունեն եւ հիմա սկսեցին գրել, «լայքել», մեկնաբանել իրավիճակից ելնելով: Հետո, պետք է հաշվի առնել, որ Թվիթերում օգտատերերը շատ տարբերվող են, այստեղ փորձագետներ են, այստեղ շատ անարխիստական, բառիս բուն եւ փոխաբերական իմաստով, հայացքներով մարդիկ են եւ իրենց հետ փորձել շփվել այնպես, ինչպես ֆեյսբուքում՝ անարդյունավետ է: Հենց դա էլ բերեց նրան, որ ադմինները, որոնք վարում են Վանեցյանի էջը, իսկ ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ ինքը չի վարում, (Քոչարյանի տղան ինքն է վարում), Վանեցյանի էջի «օֆիցիալ» եւ ֆեյսբուքյան ոճը բերեց լրիվ հակառակ ռեակցիայի, որի դեմ պայքարի միջոց ընտրվեց արգելափակումը, որը ամենաճիշտ տարբերակը չէ որովհետեւ եււ մեկ ու զավեշտով լի ալիք բարձրացրեց այդ ամենի վերաբերյալ»:
Մարտիրոսյանի կարծիքով՝ այդուհանդերձ, այս ամենը բավականին հետաքրքրիր երանգներ մտցրեց Թվիթեր, բայց վստահ չէ՝ օրինակ Վանեցյանը կշարունակի՞ Թվիթերում ակտիվ լինել, թե՞ ոչ. «Չգիտեմ ինչքան կմնա, որովհետև դա իրականում իրար հետ չհատվող հատվածներ են, երկխոսություն այստեղ չկա»:
Քաղաքականությամբ զբաղվող անձի վարկանիշի համար, ըստ Մարտիրոսյանի, բացասական կազդի իրեն քննադատողներին արգելափակելը:
Մարտիրոսյանի խոսքերով. «Ենթադրում եմ, որ ծրագրել էին մուտք գործել Թվիթեր ու ստանալ նույն դրական արձագանքը, ինչ իրենց կողմնակիցներինը, բայց հանդիպեցին գուցե փոքր, բայց «կուռ» ցինիկների, ու չկարողացան աշխատել ու միակ ելքը գտան արգելափակելով, ու Վանեցյանի անունն այդպես էլ մնաց՝ «բլոկ անող թվիթերյան պրոֆիլ»: Եվ հիմնական քննարկումները դրա շուրջ են, այլ ոչ թե ինչի մասին է գրում Վանեցյանը, առավել եւս, որ շատերը չեն էլ տեսնում ինչ է գրում, արգելափակված եւ կարծես այդ թիվն ավելանում է»:
Թվիթերցիներն արդեն «կանխատեսում են», թե քաղաքական գործիչներից հաջորդ նորեկն ով է լինելու, նրանք են՝ գեներալ Մանվել, Վովա Գասպարյանն ու մյուսներին տե՛ս նկարում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ