Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Իոանիս Լագոսի արարքը:
Նշենք, որ հունվարի 30-ին Բրյուսելում կայացած Եվրախորհրդարանի գլխավոր ասամբլեայի նիստում հույն պատգամավոր Իոանիս Լագոսը ի նշան բողոքի պատռել էր թղթից պատրաստված Թուրքիայի դրոշը:
Կարո Փայլանն այս մասին գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում:
«Այս ռասիստին Հունաստանում ընդունում են որպես խելագարի: Հունաստանի արտգործնախարարությունը դատապարտել է նրա արարքը: Ֆաշիստները Հունաստանում մարգինալ («լուսանցքային») են: Այստեղի ռասիստներն իրենց արձագանքներում թշնամություն են քարոզում Հունաստանի ժողովրդի նկատմամբ, ինչն այս տխմարին թույլ կտա հասնել իր նպատակին: Թող ռասիզմը ռասիզմի զոհ չդառնա»,- գրել է Փայլանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հույն պատգամավորը նիստին անդրադարձել էր հունական կղզիներում ապաստանած փախստականների իրավիճակին:
«Մի կողմից էլ Թուրքիան է, որը կարողանում է անել այն, ինչ ցանկանում է: Անդադար ներգաղթյալներ են գալիս մեր երկիր: Ահա, Թուրքիայի դրոշն է, ի՞նչ են անում սա. պատռում և մի կողմ են նետում: Պետք է արդեն վերջ դնել սրան (ներգաղթյալների հոսքին-խմբ.)»,-ասել էր Լագոսը: