Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Խոսքը ձեր սուբյեկտիվության մասին է». Արամ Վարդեւանյանն` Արմեն Դանիելյանին. պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկ հայտնեց

Հունվար 31,2020 13:09

ՀՀ Վերաքննիչ դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր քննվում էր առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված դատախազության բողոքը: Առաջին ատյանի դատարանը, հիշեցնենք, բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը` «Մարտի 1-ի» գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալու վերաբերյալ: Դատախազությունը բողոքել էր առաջին ատյանի դատարանի որոշումը:

Այսօրվա նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի մասին միջնորդություն ներկայացրեց: Հիմնավորումները վերաբերվում են դատավորի սուբյեկտիվ լինելուն:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամներից Արամ Վարդեւանյանն էլ գործընկերոջ բերած փաստարկներին հավելեց` նույն գործով բերված նախկին բողոքներով դատավորի կողմից ավելի վաղ թույլ տրված խախտումները: «Խոսքը ձեր սուբյեկտիվության մասին է»,-ասաց պաշտպանը:

Հովհաննես Խուդոյանը հիմնավորումներում նաեւ լրատվամիջոցների հրապարակումներն էին այն մասին, որ ԲԴԽ ղեկավարը հայտարարում է մյուս դատավորներից որոշների նախընտրելիության մասին: Նախընտրելիների թվում նաեւ Արմեն Դանիելյանն է:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն իր խոսքում նախ նկատեց` փաստաբանները գործում են «դատարանին վիրավորել, հետո հայտարարել, որ դատավորը չի կարող գործը քննել, քանի որ սուբյեկտիվ է գործում» սկզբունքով: Դատախազը պնդեց`դատավորի սուբյեկտիվության մասին պաշտպանական կողմի բերած պնդումները հիմնավորված չեն, իրականությանը չեն համապատասխանում:

Այլ մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատավոր Արմեն Դանիելյանը չեղարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը` Ռոբերտ Քոչարյանին Արցախի գործող եւ նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ ազատելու մասին: Այդ բողոքը քննելիս Արմեն Դանիելյանի նախագահությունը նշանավորվել էր աննախադեպ իրադարձությամբ՝ դատավորը պաշտպանական կողմին թույլ չէր տվել ելույթ ունենալ:

Իր ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդության որոշումը Արմեն Դանիելյանը կհրապարակի փետրվարի 3-ին ժամը 10-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031