«Դրանք առնվազն ենթադրություններ են եւ քաղաքական հայտարարություններ, ոչ ավելին, քանի որ հայկական կողմն ԱԳ նախարարության մակարդակով արձանագրել է, որ բանակցային սեղանին որեւէ փաստաթուղթ չկա: Սա կարեւոր է արձանագրել»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ժնեւում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումների համատեքստում ՀՀ իշխանության ընդդիմախոսների պնդումներին, թե բանակցային սեղանին իրականում դրված է փաստաթուղթ, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա հերքում է, ասաց քաղաքագետ, «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Նարեկ Մինասյանը:
«Հայտարարվել է նաեւ, որ հայկական կողմն այս պահին կարեւորում է հիմնարար սկզբունքների հստակեցման խնդիրը: Քանի դեռ հստակեցված չեն այդ խնդիրները, որեւէ փաստաթուղթ, բնականաբար, չի կարող լինել սեղանին»,-նշեց Նարեկ Մինասյանը:
Թեմայի մասին առավել մանրամասն՝ տպագիր «Առավոտ»-ի վաղվա համարում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ