Չինաստանում տարածված կորոնովիրուսը Հայաստան չի եկել, այս պահին դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, սակայն վարակների կանխարգելման համար անհրաժեշտ է կատարել կանխարգելման միջոցառումներ` ձեռքերը հաճախակի լվանալ օճառով, սուր շնչառական հիվանդություններով մարդկանց հետ շփումները նվազագույնի հասցնել, համատեղ օգտագործվող սպասքը պարբերաբար ախտահանել. այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կազմակերպած ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ սահմանային անցակետերի աշխատանքը վերջին օրերին գնահատելով լավ. «Քանի որ սահմանային անցակետերը կատարում են հսկողություն, եթե աշխարհում կա համաճարակ, դրանց ներուժն ավելացվում է: Դրանք նախարարության ենթակայությամբ չեն, գործում են առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կազմում: Սակայն հաշվի անելով համաճարակային իրավիճակը մեր հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները գործուղվել են մեր 6-7 սահմանային կետեր եւ օգնում են տեսչական մարմնի աշխատակիցներին՝ հսկողություն իրականացնելու հարցում»:
Ըստ Թորոսյանի, իրենց եւ տեսչական մարմնի աշխատակիցները ուղեւորներից ճշտումներ են արել՝ որտեղից են եկել, վերջին երկու շաբաթն այցելե՞լ են Չինաստան, թե՞ ոչ, ֆիզիկական վիճակն են զննել եւ այլն: Նախարարն ասաց, որ Չինաստանից ժամանած քաղաքացիներին ընթացիկ հսկողության տակ են պահում. «Այս պահին անհանգստանալու առիթ չկա»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ