Աշխատանքային այցով Լոս Անջելեսում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը չորեքշաբթի առանձին հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի և ՀԱԵ Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի հետ:
Դեսպան Բայբուրդյանը Գլենդելի ՀՀ գլխավոր հյուպատոսարանում ողջունեց Սաղաթելյանին:
Հյուպատոսի հետ կայացած քննարկմանը Սաղաթելյանն անդրադարձել է ՀՀ-ում առկա իրադրությանը, հյուպատոսին ներկայացրել ՀՅԴ դիրքորոշումները մի շարք հարցերի և զարգացումների վերաբերյալ՝ փաստելով, որ ՀՅԴ-ի համար շարունակելու են առանցքային մնալ ՀՀ-ի ու Արցախի անվտանգությանն առնչվող հիմնահարցերը:
Հանդիպմանը անդրադարձ եղավ նաև Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, ՀՅԴ դերակատարությանը՝ այդ հարաբերությունների խորացման և զարգացման գործում,
Հանդիպմանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցչին ուղեկցում էր ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանը:
Կարդացեք նաև
Սաղաթելյանն ու Իզմիրլյանն այցելել են նաև Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան թեմ, որտեղ նրանց դիմավորել է առաջնորդը՝ արքեպիսկոպոս Դերդերյանը, ով խոսել է այն կարևոր դերի մասին, որը եկեղեցին խաղում է Հայաստանի ազգային իրականության մեջ:
Սաղաթելյանն իր հերթին փաստել է՝ Հայ եկեղեցին Հայաստանում կյանքի անբաժանելի մասն է և հանդիսանում է ազգային ինքնության խարիսխներից մեկը: Երկուստեք խոսվել է նաև եկեղեցու՝ որպես ազգային հաստատության դերի բարձրացման կարևորության մասին, որի միջոցով պահպանվում է հայկական մշակույթն ու ժառանգությունը:
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ