Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիների մատնանշածներն ամենևին փաստարկներ չէին. աբսուրդային բաներ էին ասում. Ռուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում Սեիդովի կողմից Հրայր Թովմասյանի, Ռոբերտ Քոչարյանի և այլ հիշատակումների մասին

Հունվար 31,2020 12:10

«Ես անլուրջ հարցերի չեմ պատասխանում»,-Aravot.am-ի հիշեցմանը՝ ինչպե՞ս կմեկնաբանի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին՝ Ադրբեջանի իշխանություններին քննադատող զեկույցի ընդունումից և իր գրառումից հետո հնչած՝ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի քննադատությունը, այսպես արձագանքեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Հիշեցնենք՝ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան քննադատել էր Ռուբեն Ռուբինյանին՝ գրելով. «Ադրբեջանը միշտ է Հայաստանում քաղաքացիական հասարակության ու ընդդիմության դիրքը պաշտպանում իր շահերից ելնելով, նույնիսկ երբ այդ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանը ու Ռուբինյան Ռուբենն էին։ Հատկապես, երբ իրենք էին։ Ու մի հիշեցում էլ, Ադրբեջանը շատ ակտիվ ողջունում էր Հայաստանում հեղափոխությունը ու խոսում իրենց ներդրման մասին իշխանափոխության մեջ»:

Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հայկական պատվիրակության անդամները չհակադարձեցին ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի այն հայտարարությանը՝ ինչո՞ւ է Հայաստանը, որտեղ երկրի ՍԴ նախագահի դեմ քրեական գործ է հարուցված, դատապարտում են նախկին նախագահին, խոսում ժողովրդավարության մասին: Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Նախ քննարկումն Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ էր: Այս բանաձևը պիտի ընդունվեր և այդ փաստաթուղթն էր քննարկվում: Ադրբեջանցիների մատնանշածներն ամենևին փաստեր չէին և դրանք փաստարկներ էլ չէին, քանի որ իրենք այլ ասելիք ուղղակի չունեին և շատ աբսուրդային բաներ էին ասում: Օրինակ՝ ինչո՞ւ են հայերը գրանցվել և ելույթ ունենում կամ զեկուցողին մեղադրում էին Ադրբեջանին նվաստացնելու մեջ: Եվ բնական է, որ մեր պատվիրակության անդամները չպետք է անդրադառնային այդ աբսուրդային փաստերին: Մեր պատվիրակության անդամները խոսում էին Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի մասին և անում էին ճիշտ»:

Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031