Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվայի համար Հայաստանին ռազմական ինքնաթիռներ վաճառելու որոշման առաջնային հիմքում ընկած է Ադրբեջանին դրդելը՝ ձեռք բերելու նույն ինքնաթիռներից». «Ամերիկայի ձայն»

Հունվար 31,2020 10:45

«Ամերիկայի ձայն». Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվում է սպառազինությունների մրցավազքը՝ չնայած դիվանագիտական ակտիվ գործընթացի: Բաքուն և Երևանը բանակցում են՝ զուգահեռաբար հարստացնելով իրենց զինանոցը

Հայաստանին և Ադրբեջանին սպառազինություն մատակարարող կարևոր աղբյուրներից է Ռուսաստանը: Չնայած հակամարտող կողմերին զենք տրամադրելու քննադատությանը, Մոսկվան պնդում է՝ իր ռազմական համագործակցությունը նպաստում է խաղաղությանը և «ամբողջովին հաշվի է առնում այն հավասարակշռությունը, որը կարևոր է տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար»:

Վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը վերապահումով է մոտենում այս պնդմանը: Չկան հիմքեր պնդելու համար, որ զենքի վաճառքը նվազեցնում է հակամարտության հավանականությունը, ասում է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը:

«Քառօրյա պատերազմում ադրբեջանական կողմը վստահ էր, որ ռազմական առումով ավելի ուժեղ է, և այն փաստը, որ նրանք կիրառեցին նոր զինատեսակներ վկայում է, որ ավելի շատ զենատեսակների մատակարարումը չի կարող դրական դեր ունենալ»։

Իսկ ինչպիսի նպատակներ է հետապնդում ՌԴ՝ ակտիվորեն զինելով կողմերին: Ըստ վերլուծաբանների՝ Մոսկվան ձգտում է այս միջոցով կախման մեջ պահել Բաքուն և Երևանը:

«Ռուսաստանն իր հավասարակշռության պահպանման քաղաքականությունը իրականացնում է Ադրբեջանի հետ համեմատած Հայաստանին ավելի քիչ սպառազինելու միջոցով, որպեսզի վերջինս կախված լինի ռուսական զսպման մեխանիզմներից»,- նշում է վերլուծաբան Էմիլ Սանամյանը:

«Ռուսաստանի տրամադրած ամեն տեսակի պաշտպանությունն ունի իր գինը: Եվ այդ գինը՝ կախվածությունն է»,- ընդգծում է Մերձակա Արևելքի քաղաքականության Վաշինգտոնի հաստատության վերլուծաբան Աննա Բորշևսկայան:

Բացի քաղաքական բաղադրիչից Ռուսաստանն այս հարցում հիմնվում է նաև տնտեսական շահի վրա, հատկապես Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության հարցում: Քաղաքագետ Էմիլ Սանամյանը պնդում է՝ կողմերին տրամադրելով տարբեր զինատեսակներ և հրթիռային համակարգեր, Մոսկվան ստիպում է նրանց նոր զենքեր գնել:

«Մոսկվայի համար Հայաստանին ռազմական ինքնաթիռներ վաճառելու որոշման առաջնային հիմքում ընկած է Ադրբեջանին դրդելը՝ ձեռք բերելու նույն ինքնաթիռներից»,- ընդգծում է Սանամյանը:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Կազլյարիչը սակայն առաջարկում է սահմանափակել ռազմական աջակցությունը ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Դա վերաբերում է ոչ միայն Մոսկվային, այլև Միացյալ Նահանգներին:

«Հուսամ, որ ԱՄՆ ավելի զգուշորեն կմոտենա այս հարցին՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը Աֆղանստանի և այլ հարցերի շուրջ, որոնք կապված չեն հայ-ադրբեջանական հակամարտության հետ»։

Նախկին դեսպանի կոչը կարող է ակտուալ հնչել, հատկապես հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների վերջին հայտարարությունը Ժնևում կայացած ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններից հետո, որտեղ միջնորդ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ ու Ֆրանսիան, վերահաստատել են իրենց հանձնառությունը հակամարտող կողմերի միջև խաղաղության հաստատման հարցում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    ԱՄՆ,ախր դուք էլ նոյն դերն եք կատարում համաշխարհային թատերաբեմում,ինչ ՌԴ-ն:Ձեզ ով է սպառնում,որ այդպես վերազինվում եք և ստիպում եք նույնն անել ձեր դաշնակիցներին….:Թե? ձեր գործերը անքննելի են…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031