Պորտուգալական «Bsports» ֆուտբոլի ակադեմիայի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Լեւոն Ղասաբօղլյանը երկրորդ անգամ Հայաստանի 9-ից 16 տարեկան պատանիների համար կազմակերպում է «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» խորագրով մանկապատանեկան ֆուտբոլային ճամբարը:
Մարտի 23-ին մեկնարկող հավաքի ընթացքում պատանի ֆուտբոլիստներին մարզելու են Պորտուգալիայից ժամանած փորձառու մասնագետներ:
Ներկայումս բանակցություններ են վարվում ճամբարի տեղակայման վայրի եւ պորտուգալացի լավագույն մարզիչներին ներգրավելու շուրջ, եւ արվում է հնարավորը ճամբարում պատանիների համար կեցության եւ մարզումների լավագույն պայմաններ ապահովելու ուղղությամբ: «Bsports» ակադեմիայի գործադիր տնօրեն Պեդրո Լեիտիսն այս անգամ եւս համաձայնել է մարզել հայ պատանի ֆուտբոլիստներին՝ նշելով, որ դա անում է մեծ սիրով, որպեսզի նրանք հետագայում արժանի տեղ գտնեն աշխարհի ֆուտբոլային ակումբներում: Ըստ Լեիտիսի, պատանի հայ ֆուտբոլիստները մեծ ներուժ ունեն, սակայն անհրաժեշտ է, որպեսզի նրանք սովորեն թիմային՝ փոխանցումներով, ֆուտբոլ խաղալ, այլ ոչ թե տարվեն անհատական խաղով, խաղը վարեն ինքնուրույն:
Նախորդ հավաքին մասնակցած երեխաների ծնողները նշում են, որ հենց այս ուղղությամբ են տարվում ակադեմիայի մեկշաբաթյա դասընթացները, որոնց ընթացքում արդյունքներն ակնհայտ են եղել՝ նկատվել է երեխաների ֆուտբոլային տեխնիկայի նոր որակ, մարտավարության եւ մտածողության փոփոխություն: Ֆուտբոլային երկրորդ ճամբարը նախատեսվում է կազմակերպել գարնանային արձակուրդի օրերին եւ երեխաների հավաքագրումն արդեն սկսվել է:
Կարդացեք նաև
«Մասնակցել ցանկացողները բավականին շատ են: Այս անգամ որոշել ենք 60 երեխա ընդգրկել: Եթե երեխաները շատ լինեն, կմտածենք հավաքը երկու փուլով անցկացնելու մասին: Արդեն մեկ տասնյակից ավելի պատանի ֆուտբոլիստներ հավաքին ընդգրկվելու ցանկություն հայտնել է, ծնողներն էլ հաստատել են իրենց երեխաների մասնակցությունը»,-ասել է նախաձեռնության հեղինակ Լեւոն Ղասաբօղլյանը եւ հավելել, որ հարկավոր է գրանցվելու համար շտապել:
Առաջին հավաքի արդյունքներով ընտրվել էին հայաստանցի պատանի երկու ֆուտբոլիստներ, որոնք արդեն հունիսին մեկնելու են Պորտուգալիա եւ մեկ ամիս անվճար մարզվելու են «Bsports» ֆուտբոլային ակադեմիայում: Երկրորդ՝ գարնանային հավաքի մասնակիցներին նույնպես սպասում են անակնկալներ:
Լեւոն Ղասաբօղլյանն ընդգծել է, որ «Bsports» ֆուտբոլային ակադեմիայի հիմնական նպատակը արտասահմանից տաղանդավոր ֆուտբոլիստներ գտնելն է, ու ավելացրել, որ եթե այս երեխաները իրենց լավ դրսեւորեն Պորտուգալիայում, կարող են դառնալ «Bsports»-ի ֆուտբոլիստ, որտեղ ուսումն անվճար կլինի: Նա շեշտել է, որ ակադեմիայում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, իսկ ֆուտբոլիստները դառնում են պրոֆեսիոնալ, որոնք գործակալների միջոցով հետագայում կարող են հարթել իրենց ապագա ֆուտբոլային ճանապարհը:
Լեւոն Ղասաբօղլյանը վստահեցնում է նաեւ, որ երեւանյան ճամբարը չընտրված երեխաների համար նույնպես կարեւոր փորձություն կարող է դառնալ հետագայում նոր ասպարեզներ նվաճելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.01.2020