Բաց նամակ ՀՀ վարչապետին Հարգելի պարոն վարչապետ, ցանկանում եմ հիշեցնել Ձեզ այն մասին, որ եթե հարցերի լուծումը չի տրվում, ապա այդ հարցերը ինքն իրենց չեն լուծվում եւ շարունակում են մնալ խնդրահարույց:
Ես ու բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ցանկանում ենք իմանալ.
- Երբ է կարգավորվելու եւ լուծվելու՝ զինծառայողներին չտրամադրված ամենամյա արձակուրդների դիմաց տրամադրվելիք փոխհատուցումների հարցը:
- Երբ է կարգավորվելու եւ լուծվելու՝ զինծառայողներին ոչ աշխատանքային օրերին աշխատեցնելու եւ դրա դիմաց չվճարված գումարների տրամադրման հարցը:
- Երբ է կարգավորվելու եւ լուծվելու՝ զինծառայողների հասանելիք բնակարանների տրամադրման հարցը:
- Երբ եք Դուք ի վերջո պատասխանելու, թե ուր են կորել այն հազարական դրամները, որոնց մասին Ձեզ բարձրաձայնել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը:
Հարգելի պարոն վարչապետ, բացի վերոգրյալից, նաեւ ցանկանում եմ մի քիչ թարմացնել ՀՀ զինծառայողներին առնչվող խայտառակ խնդրահարույց հարցերի ցանկը:
Այսպիսով, պարոն վարչապետ, փաստորեն ներկայումս, գործող՝ ծառայության մեջ գտնվող պայմանագրային զինծառայողները ստիպված են մոտ հիսուն հազար դրամ ծախսել, որպեսզի կարողանան ձեւակերպել Ձեր եւ Ձեր թիմակիցների կողմից սահմանված կարգի համաձայն՝ համապատասխան փաստաթղթերը, հաստատել դրանք նոտարի մոտ եւ նոր դրանից հետո իրավունք ձեռք բերել ստանալու իրենց հասանելիք բնակվարձերը, ընդ որում՝ տեղեկացնեմ Ձեզ, որ այդ, այսպես ասած՝ գործընթացը կատարվում է ամեն տարի նորից ու նորից:
Կարդացեք նաև
Հարգելի պարոն վարչապետ, ուսումնասիրելով տվյալ ոլորտը՝ տվյալ հարցը կարգավորող օրենսդրական նորմը եւ կատարելով դրա տարրական վերլուծությունը, առնվազն ինձ համար պարզ է դառնում հետեւյալը.
Պայմանագրային զինծառայողին ընդունելով ծառայության եւ նշանակելով համապատասխան զորամասում ծառայության, պետությունը պարտավորվածություն է ստանձնում ապահովել նրան ծառայողական բնակարանով, որպեսզի նա եւ նրա ընտանիքի անդամները բնակվելու տեղ ունենան, սակայն ելնելով նրանից, որ ոչ բոլոր, կամ ավելի ճիշտ կլինի ասել` գրեթե բոլոր զորամասերում առկա է պրոբլեմատիկ խնդիրներ կապված բնականային ֆոնդի հետ, ՀՀ օրենսդիրը նախատեսել է համապատասխան չափով բնակ. վարձի տրամադրման տարբերակը, որպեսզի զինծառայողն այդ գումարով վարձակալի այդ բնակարանը:
Ձեզ պետք է, որ պարզ լինի այն, որ այդ ծառայողական բնակարանը կամ դրա փոխարեն տրամադրվելիք բնակարանի վարձը ստանալու համար պայմանագրային զինծառայողը պարտավոր չէ նույնիսկ մեկ լումա ծախսել, քանի որ պետությունը պարտավորվածություն է կրում այն տրամադրել:
Սակայն արի ու տես, որ ծառայության մեջ գտնվող պայմանագրային զինծառայողները ստիպված են մոտ հիսուն հազար դրամ ծախսել, որպեսզի ստանան այն, ինչ պետությունը պարտավոր է իրենց տրամադրել:
Կամա թե ակամա հարց է ծագում՝ Դուք եւ Ձեր թիմակիցները գիշերները չեք քնում եւ մտածո՞ւմ եք, թե էլ ինչպես խախտեք զինծառայողների իրավունքները կամ թալանե՞ք իրենց:
Ցոլակ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.01.2020