Դրանք ընդունակ են խոցել հակառակորդի ստորգետնյա ու վերգետնյա թիրախները
Մեր սպառազինությունն ու այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են Զինված ուժերում իրենց խնդիրները կատարելու համար, ավելացված են տասնյակ տոկոսներով, հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա հավելել էր, որ ռազմական գաղտնիք չի բացահայտի, միայն ընդգծել էր, որ այդ կարողություններն ավելացել են տասնյակ տոկոսներով։ Լրագրողները նաեւ հետաքրքրվել էին, թե Սու-30-ների հաջորդ խմբաքանակը ե՞րբ կհասնի Հայաստան, Դավիթ Տոնոյանն արձագանքել էր. «Շուտով կհասնեն»։ Հարցին, թե ինչ պետք է ակնկալել 2020 թվականին, պաշտպանության նախարարն ասել էր, որ բանակը լինելու է առավել քան ուժեղ:
Այսպես, Դավիթ Տոնոյանը շեշտում է, որ մեր կարողությունները բավականին մեծացել են, իսկ ինչ վերաբերում է 2019-ին գնված ռուսական կործանիչներին, ապա այս թեմայի շուրջ ուշագրավ տեղեկություններ են ի հայտ գալիս:
Կարդացեք նաև
Անցյալ ամսվա վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն, անդրադառնալով Սու- 30-ների ձեռքբերման խոսակցություններին, թե դա Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեռքբերումը չէր, այլ նախկին իշխանությունների, քանի որ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռեւս 2017-ին, ըստ Newarmenia.am-ի՝ ասել էր. «Այս մասին խոսք գնացել է, ոչ թե 2017 թ.-ին, այլ դեռեւս 2015 թվականին ձեռքբերման մտադրությունների մասին վկայություններ կային, բայց 2016թ. ապրիլյան իրադարձություններից հետո այդ ուղղությամբ որեւէ գործողություն չի արվել։ 2016թ.-ից հետո առհասարակ ռուսական կողմի հետ որեւէ շփում այս մասին, որեւէ հրապարակային անդրադարձ չի եղել, այսինքն՝ այս թեման ամբողջովին փակված է եղել, հետեւաբար, 2017 թ.-ի մասին խոսելն ավելորդ է։ Սա ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի կառավարության կայացրած որոշումն է, սա եւս մի քայլ է լրջագույն ներդրում անելու ՀՀ անվտանգության բարձրացման ուղղությամբ»։
Հիշեցնենք, անցյալ տարի փետրվարին ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը որոշ տեղեկություններ հայտնեց այն մասին, որ Մոսկվան ու Երեւանը պայմանագիր են ստորագրել Հայաստանին 4 բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչներ մատակարարելու վերաբերյալ, որոնք Հայաստանի զինված ուժերում շարք կմտնեն արդեն 2020թ.:
Ռուսական պարբերականին հայտնի էր դարձել, որ գործարքում ռուսական կողմը «լուրջ զիջումների» է գնացել. ոչ միայն վարկ են դուրս գրել, այլեւ կործանիչները վաճառել են ներքին գնով, ոչ թե արտահանման:
«Պայմանագիրը նշանակալից կարելի է համարել նաեւ, ընդհանուր առմամբ, Հայաստանի իշխանությունների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար. մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ երկրի ռազմաօդային ուժերը ձեռք են բերում նոր, այլ ոչ թե նախկինում օգտագործված ավիատեխնիկա»,- գրել էր պարբերականը:
Սու-30ՍՄ կործանիչների մատակարարման նոր պայմանագրի ստորագրման մասին հայտնել էր «Սպուտնիկ» գործակալությունը՝ վկայակոչելով Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Ռազմական գերատեսչությունում հաստատել էին գործարքի ստորագրման փաստը, բայց չէին հստակեցրել ոչ կործանիչների թիվը, ոչ գործարքի արժեքը՝ հավելելով միայն, որ «նախկինում ռուսական կողմից տրամադրված 100 մլն դոլար վարկի շրջանակում սպառազինության ձեռքբերման գործընթացը գտնվում է իրականացման փուլում»:
«Ռոսօբորոնէքսպորտ»-ը եւ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը զերծ էին մնացել մեկնաբանություններից: Վկայակոչելով ավիացիոն արդյունաբերության ձեռնարկություններից մեկի թոփ-մենեջերի խոսքերը՝ պարբերականը հայտնել էր, որ պայմանագրի համաձայն՝ Հայաստանը 2020թ. կստանա Սու-30ՍՄ 4 կործանիչներ:
«Գործարքն իրականացվում է ՀԱՊԿ գծով: Չնայած համաձայնագիրը համարվում է առեւտրային, եւ գնումն իրականացվում է ռուսական կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին, յուրաքանչյուր կործանիչի արժեքը Հայաստանի ռազմաօդային ուժերի համար նույնքան է, որքան այն արժե ՌԴ ԶՈւ-ի համար»,- ասել էր թերթի զրուցակիցը՝ նշելով, որ «ռուսական կողմից նման պայմանների առաջարկը իսկական նվեր է»:
Պարբերականը նաեւ այլ մանրամասներ էր հիշեցրել: Սու-30ՍՄ կործանիչների նկատմամբ հայկական կողմը սկսել էր հետաքրքրություն ցուցաբերել դեռ 2010թ.: Ավելի վաղ թերթը գրել էր, որ 2012թ. Մոսկվան ու Երեւանը պայմանագիր էին ստորագրել, ըստ որի՝ Հայաստանը մի քանի տարվա ընթացքում պետք է ստանա առնվազն 12 կործանիչ:
«Բայց պայմանագիրն այդպես էլ ուժի մեջ չմտավ պատվիրատուի ֆինանսական դժվարությունների պատճառով: Դրանից հետո երկրները պարբերաբար վերադառնում են գործարքի հեռանկարների քննարկմանը, բայց երկար ժամանակ փոխհամաձայնության հասնել չէր հաջողվում: Գործարքին վերադառնալու թեման դարձյալ բարձրացվեց Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո. իհարկե, պատվիրատուի ֆինանսական հնարավորություններից ելնելով՝ քննարկվում էր միայն 6 կործանիչներ գնելու հարցը: Մի շարք բանակցություններից հետո պայմանավորվեցին 4-ի շուրջ, բայց դա «ավելի լավ է, քան ոչինչ», ասել էր «Կոմերսանտի» աղբյուրը Ռազմատեխնիկական համագործակցության ծառայությունից: «Ըստ էության, սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի պաշտպանության նախարարության ստորագրած առաջին պայմանագիրն է, մեզ համար կարեւոր էր հաստատել ՀԱՊԿ դաշնակցի մոտ մեր դիրքերի ամրությունը»,- ասել էր նա:
«Կոմերսանտ» պարբերականը նշել էր, որ Հայաստանը մինչեւ 2024թ. Ռուսաստանից կարող է ձեռք բերել Սու-30ՍՄ կործանիչներ։ Ի դեպ, ուշագրավ է, որ հունվարի 28-ին Հայաստանի կողից այս գործարքի համար դադար վերցնելու մասին ArmLur.am-ի հետ զրույցում ակնարկեց նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նա ասել է հետեւյալը. «Մենք զինամթերքի հարցը շարունակական ձեռքբերման գործընթաց ենք համարել ու համարում, վերջին ռազմավարության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պլանը մենք կազմել ենք՝ ես կազմել եմ 2016-2020թթ. համար, ու այդ պլանի մեջ եղել են Սու 30-ները, հետո հանվել էր, բայց Դավիթ Տոնոյանը՝ իմ հարգարժան գործընկերը, նորից մտցրել է պլանում: Այսինքն՝ պետությունը շարունակելու է այդ գործընթացը»:
Հայաստանը Ռուսաստանի հետ «Սու-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու պայմանագիրը կնքել էր եւ այժմ Հայաստանի զինված ուժերը դրանք ստանալու փուլում են: Ըստ ռուսական մամուլի՝ կործանիչները հայկական կողմին տրամադրվում են ռուսական վարկով եւ ռուսաստանյան ներքին գներով: Ավիացիայի ստեղծման ուղղությամբ կործանիչների ձեռքբերումն, անշուշտ, դրական քայլ է: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ այդ կործանիչները ընդունակ են խոցել հակառակորդի ստորգետնյա ու վերգետնյա բոլոր թիրախները՝ գրագետ գործածման պարագայում շրջանցելով ՀՕՊ համակարգերը: Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար էր հրապարակել կործանիչի խցիկից՝ գրելով. «ՍՈւ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ»։
Իսկ անցյալ տարի դեկտեմբերի 27-ին արդեն իսկ ներկայացվել էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրած Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հետեւել է կործանիչների ցուցադրական թռիչքներին։
«Այսօր շատ կարեւոր օր է մեզ համար, որովհետեւ ժամանում են մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, որոնց ձեռքբերման մտադրության մասին դեռ նախորդ տարի էին հայտնել: Այսինքն՝ ժամանում է ինքնաթիռների առաջին խմբաքանակը, եւ այս ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, մեր ժողովրդի ապահովման գործում»,- նշել էր Փաշինյանը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 30.01.2020
Սրա վերջը ինչ է ՞
Մենք կը զինուինք-անոնք կը զինուին,
Քիչ մնայ երկիրը կը դառնայ անծայրածիր գերեզմաննոց,
Ամէն անկիւն ՛՛խաչքարեր՛՛ և ծաղիկի վաճառականներ …
Փոխանակ թողլու որ ծաղիկները մեր այգիները և պատշգամները զարդարեն- կը ՛՛գլխատուին՛՛ միլիոններով ,
և փայտէ պսակներու վրայ շարուած կ՛երթան գերեզմանները զարդարելու մի քանի օր ,աղբի վերածուելու համար շաբաթ մը վերջ ՞…
Հայաստանի մէջ կայ ՞ անկիւն մը,գիւղ մը,բնակավայր մը որ չունենայ իր ՛՛զոհուածներու ՛՛ յուշարձանը …
Սրա վերջը ինչ է ՞.